Լրահոս
Օրվա լրահոսը

Դրա՞խտ, թե՞ դժոխք

Հունիս 20,2012 13:43

Վերջին տարիներին Հայաստանի բնակչությունը շատ է դժգոհում երկրում արդարության դեֆիցիտից, դատական համակարգից, որի նկատմամբ վստահությունը, մեղմ ասած, բավարար չէ:

Բնակչության այդ քննադատությանը միացել են նաեւ՝

1. Հանրապետության նախագահը, որը դեռեւս 2008թ. սեպտեմբեր ամսին արձանագրեց դատարանների նկատմամբ հանրության անվստահությունը եւ հայտարարեց դա չհանդուրժելու մասին, սակայն 22.12.2011թ. այդ կապակցությամբ հերթական անգամ հրավիրված խորհրդակցության ժամանակ ստիպված եղավ ընդունել, որ դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը մեծացնելու քայլերը գոհացուցիչ չեն, եւ չենք կարող արձանագրել լուրջ փոփոխություններ այս ոլորտում,

2. ՀՀ արդարադատության նախարարը, որը 25.01.2012թ. հայտարարեց, որ ներկայումս դատական համակարգի նկատմամբ անվստահությունը կազմում է 70-80 տոկոս, որը նախատեսվում է կրճատել 30-40 տոկոսի,

3. Մարդու իրավունքների պաշտպանը, որի տարեկան զեկույցի համաձայն՝ 2011թ. ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ամենամեծ խնդիրը եւ բացթողումը վերաբերում է արդար դատաքննության իրավունքին եւ հատկապես դատական իշխանության համակարգում առկա անարդարություններին եւ ապօրինություններին:

Դատական համակարգին ամենասերտ առնչություն ունեցող փաստաբանական համայնքը, տեսնելով, որ դատարանների նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելուն ուղղված նախաձեռնությունները դատական իշխանության ղեկավարների կողմից անտեսվելու միջոցով ձախողվում են եւ սայլը տեղից չի շարժվում, որոշեց բողոքի շարունակական ակցիաների ու 11. 06. 2012թ. մեկօրյա գործադուլի միջոցով միանալ բարեփոխման նախաձեռնություններին ու պահանջեց վճռաբեկ դատարանից կատարել Սահմանադրության եւ օրենքների այն պահանջները, որոնք ուղղված են դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն ու այդ կառույցի նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելուն:

Եթե դատական իշխանությունը հանրապետության նախագահի եւ մյուսների նախաձեռնություններին չէր պատասխանում, այլ պարզապես լռելյայն շրջանցում էր, ապա շուրջ 600 փաստաբանների բողոքի ակցիան ու գործադուլն անտեսել ու լուռ շրջանցել՝ չէր կարող եւ հայտարարվեց, որ դատարաններն ու վճռաբեկ դատարանը ինչպես աշխատել են մինչ այժմ, այդպես էլ շարունակելու են աշխատել, ըստ էության այդ պատասխանը լսեցնելով նաեւ համակարգը բարելավել ցանկացող մյուս նախաձեռնողներին:

Իսկ այն, թե ինչպես են աշխատում հանրային վստահություն չվայելող ու հանրային վերահսկողությունից դուրս մնացած մեր դատարանները, պարզ երեւում է ստորեւ ներկայացվող համեմատական վիճակագրությամբ.

ա) 2008թ.-ին ՀՀ վարչական դատարանի ստեղծվելուց ի վեր, այդտեղ մուտք է եղել ՀՀ կառավարության նորմատիվ որոշումները վիճարկելու 30 հայցադիմում: Կառավարության նորմատիվ որոշումներն անվավեր ճանաչելու ցուցանիշը 0% է, այսինքն՝ վարչական, վարչական վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների կողմից կառավարության որեւէ նորմատիվ որոշում անվավեր չի ճանաչվել: Համեմատության համար նշեմ, որ, օրինակ, ՀՀ սահմանադրական դատարանը վիճարկվող օրենքների ավելի քան 40 դրույթներ, որոնք կառավարության որոշումների համամետ շատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեն, ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը հակասող:

բ) 2011թ.-ին ՀՀ առաջին ատյանի դատարաններում քրեական գործերով 4874 անձի վերաբերյալ դատական ակտ է կայացվել, որոնցից լրիվ արդարացվել է ընդամենը 54 անձ կամ 1,1%-ը, այն դեպքում, երբ արդարացվածների ցուցանիշը Մեծ Բրիտանիայում կազմում է 29%, ԱՄՆ-ում՝ 25%, Եվրոպական Միությունում՝ 20%: Իսկ ՌԴ-ում այդ ցուցանիշը կազմում է 0,8 տոկոս եւ սա այն դեպքում, երբ, օրինակ, 1936թ.-ին կազմել է 10,9%, 1937թ.-ին՝ 10,3%, 1938թ.-ին՝ 13,4%, 1939թ.-ին՝ 11,1%, 1941թ.-ին՝ 11,6%:

Կարծում եմ՝ մեկնաբանությունն ավելորդ է:

գ) 2011թ.-ին նախաքննության մարմինների կողմից կալանքը, որպես խափանման միջոց կիրառելու 3262 միջնորդություն է ներկայացվել, որոնցից բավարարվել է 3088-ը կամ 94,7%-ը, իսկ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունները հանրապետության 16 դատարաններից 10-ում բավարարվել է 100%-ով:

2011թ.-ին քրեական գործերով բերվել է 1203 վճռաբեկ բողոք, որոնցից վարույթ է ընդունվել ընդամենը 45-ը կամ 3,7%-ը, իսկ բավարարվել է 28-ը կամ 2,9%-ը, քաղաքացիական եւ վարչական գործերով բերվել է 2690 վճռաբեկ բողոք, որոնցից վարույթ է ընդունվել 281-ը կամ 10,4%-ը:

Նշված ցուցանիշներով վիճակագրությունը վկայում է այն մասին, որ դատարանները հանդես չեն գալիս որպես իրական արդարադատություն իրականացնող մարմին, հակառակ դեպքում վիճակագրությունը 100% կամ դրան մոտ չէր լինի՝ հօգուտ կառավարության որոշումների, դատախազության մեղադրանքների, կալանավորման միջնորդությունների ու ստորադաս դատարանների դատական ակտերի:

ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

Փաստաբան, հանձնախմբի անդամ

Հ. Գ. Ասում են՝ դրախտը մարդու մահանալուց հետո նրա հոգեւոր կյանքի շարունակման համար դրական իմաստով իդեալական վայրն է, դժոխքը՝ բացասական, իսկ մեր երկիրն էլ այդ երկուսի միջինին մոտ մի վայր է, որտեղ տեղային առումով կարող է գերիշխել լավը, բարին կամ վատն ու չարը, այսինքն՝ դրախտայինը կամ դժոխայինը: Կոնկրետ Հայաստանում, արդարադատության բնագավառում վերը նշված վիճակագրությունը մոտ է 100%-ին՝ իդեալականին: Բայց թե այդ իդեալականը դրախտայինն է, թե դժոխայինը, թող որոշի ընթերցողը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930