Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գերմանիայի դեսպան. Միջին մասնագիտական կրթության զարգացումը կլուծի զբաղվածության խնդիրը (Տեսանյութ)

Հունիս 20,2012 13:38

Այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության հեռանկարները Հայաստանում» խորագրով  խորհրդաժողով, որը կազմակերպել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ-GIZ): Հանդիպման ընթացքում ամփոփվեցին  «Դեպի զբաղվածությունը կողմնորոշված որակավորումը՝ Հայաստանի տնտեսական զարգացման առանցքային ոլորտներում» եռամյա ծրագրի արդյունքները: Ծրագրի համակարգող Յուլիա Ստակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մասնագիտական կրթության ուսուցման ոլորտում առկա են  բազմաթիվ խնդիրներ. «Առաջնայինը գործատուի եւ ուսումնական հաստատությունների միջեւ թույլ սոցիալական համագործակցությունն է: Ծրագրի շրջանակում պատրաստել ենք  դասավանդողների  համար նախատեսված ձեռնարկներ՝ կրթօջախների կառավարման եւ մասնագիտական մանկավարժության վերաբերյալ, որոնք նպաստելու են տեղում  վերապատրաստմանը: Ստեղծվել է նաեւ միջին մասնագիտական կրթության ուսուցման էլեկտրոնային պորտալ, որը միավորում է ծրագրի մասնակիցներին Հայաստանից եւ Վրաստանից»: Հավելենք, որ եռամյակի  ընթացքում վերապատրաստվել են դպրոցների 20 ղեկավար եւ 45 ուսուցիչ: Ծրագիրը ֆինանսավորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը նշեց, որ առաջնահերթ պետք է խթանել գործնական մասնագիտական ուղղությունների զարգացումը, ինչը առիթ կհանդիսանա նաեւ տնտեսության զարգացման համար. «Գերմանիան, որպես հետպատերազմյան վերականգնված տնտեսություն ունեցող երկիր, պատրաստ է իր փորձը կիսել գործընկերների հետ: Միջին մասնագիտական կրթության  զարգացումն իր հետ կստեղծի նոր աշխատատեղեր՝ ամրապնդելով բուհական համակարգը եւ լուծելով  զբաղվածության խնդիրը»:

ԿԳ նախարարության արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանն ասաց, որ տնտեսական առաջընթացին զուգահեռ՝ կարեւոր է նաեւ միջին մասնագիտական կրթության զարգացումը. «Դա իրականացվում է ինչպես ԿԳ նախարարության, այնպես էլ համագործակցող կողմեր հանդիսացող միջազգային կազմակերպությունների օգնությամբ: Գործընթացը կատարվում է  գործատուների ակտիվ մասնակցությամբ, քանի որ միջին մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտները իրենց գիտելիքներն ու կարողությունները ներդնում են տնտեսության տարբեր ոլորտներում»:

ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը նշեց, որ կրթության ոլորտի կարեւոր մասն են կազմում մասնագիտական կրթության ուսուցման բարեփոխումները. «Դրանք առավելագույնս պայմանավորված են Բոլոնիայի գործընթացով, որում Հայաստանը ներգրավված է 45 երկրի հետ: Այս տարվա հուլիսի  1-ից Հայաստանը 3 տարի ժամկետով ստանձնելու է Բոլոնիայի քարտուղարությունը, իսկ  2015թ.-ին հյուրընկալելու է անդամ երկրների կրթության նախարարների մասնակցությամբ գիտաժողովը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930