Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիվերսիֆիկացված չէ, բայց տարազանված է»

Հունիս 20,2012 13:34

ԱԺ նախկին պատգամավորներ, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսորներ Վարդան Բոստանջյանի եւ Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ՝ կառավարության 2012-2017թթ. ծրագիրն ավելի քան իրատեսական է, եւ ցանկության դեպքում հնարավոր է հասնել առավել բարձր ցուցանիշների:

«Առավոտ»– Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ կառավարության 2012-2017թթ. ծրագիրը եւ որքանո՞վ եք նախանշված ցուցանիշների ապահովումն իրատեսական համարում:

Վարդան Բոստանջյան– Կառավարության ներկայացրած ծրագիրը չափազանց իրատեսական է՝ հաշվի առնելով մեր երկրի ներուժը եւ այդ առումով ամենատարբեր գործառույթների իրականացման միտումները: Ինչ վերաբերում է ծրագրում նշված ցուցանիշներին, մասնավորապես՝ տնտեսական աճի, աղքատության կրճատման, նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների բարձրացման եւ այլնի մասով, իհարկե, կառավարությունն ունի որոշակիորեն վստահության պակաս, որով պայմանավորված՝ մարդիկ կառավարության ծրագիրը կարող են համարել անիրատեսական: Սակայն ես վստահ եմ, որ համապատասխան միջոցառումների իրականացման պարագայում ակնհայտորեն այդ ցուցանիշները կապահովվեն:

Թաթուլ Մանասերյան– Ես համակարծիք չեմ, ես գտնում եմ, որ կառավարության ծրագրում ներկայացված են շատ համեստ թվեր: Հանրապետության տնտեսության ռեսուրսային պոտենցիալը գնահատում եմ շատ ավելի բարձր, եւ արդեն 2012թ.-ին կարելի է ակնկալել 5-7 տոկոսի աճ, իսկ 2013-2014թթ. ես չեմ բացառում երկնիշ թվով տնտեսական աճը: Ընդ որում, ուզում եմ շեշտել, որ կառավարության այս ծրագիրը, ըստ հենասյուների, ըստ կոնկրետ ուղղությունների եւ ախտորոշված թիրախների, շահեկանորեն տարբերվում է 1991 թ.-ից ի վեր եղած կառավարությունների բոլոր ծրագրերից: Ի դեպ, 2008թ. կառավարության ծրագիրը եւս բավական հիմնավոր ծրագիր էր, որը տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չիրականացավ, եւ ներկայիս ծրագրում կան դրույթներ, որոնք վերցված են կառավարության նախորդ ծրագրից: Սակայն այս ծրագրի իրականացման համար նաեւ անհրաժեշտ է համախոհների բանիմաց թիմ, որոնք հավատում են, որ կարող են իրականացնել այդ ծրագիրը: Կա նաեւ պարոն Բոստանջյանի նշած վստահության մթնոլորտի խնդիրը: Ժողովրդին պետք է վերադարձնել այդ վստահությունը, քանի որ այդ ծրագրի իրականացնողը կառավարությունը չէ, կառավարությունը մշակողն է, իսկ իրականացնողը ամբողջ երկիրն է, ժողովուրդը:

«Առավոտ»– Կառավարության ծրագրի իրականացնողը ժողովո՞ւրդն է:

Թ. Մանասերյան– Ժողովուրդը պետք է հավատա:

«Առավոտ»– Բայց կառավարությունը պետք է հստակ քայլեր անի, որ ժողովուրդը հավատա:

Թ. Մանասերյան– Բնականաբար, կառավարության քայլերից շատ բան է կախված, եւ եթե դրանք համոզիչ եղան, ժողովուրդը պետք է ինքը օգնի, որպեսզի կառավարության ծրագիրը իրականություն դառնա:

«Առավոտ»– Պարոն Բոստանջյան, նշվեց, որ կառավարության ծրագրի իրականացման նախապայմաններից մեկն էլ բանիմաց թիմի առկայությունն է: Ձեր գնահատմամբ՝ կառավարության ներկայիս կազմն այդպիսի՞ն է:

Վ. Բոստանջյան– Ես ուզում եմ համոզվածություն հայտնել, որ՝ այո, որովհետեւ ծանոթ եմ կառավարության բոլոր անդամներին: Նրանք ունեն եւ վաստակ, եւ փորձ, եւ այդ առումով նրանք իրենց կարողություններն արդեն դրսեւորել են, եւ մենք բոլորս դա տեսել ենք:

«Առավոտ»– Խնդիրն էլ հենց այն է, որ նրանց դրսեւորած կարողությունների արդյունքում կառավարության նախորդ ծրագիրը չիրագործվեց:

Վ. Բոստանջյան- Տեսեք, կառավարության նախորդ ծրագրի իրագործման խոցելի պահը պայմանավորված չէր մեզանով: Ինչքան էլ որ հիմա մամուլն ու որոշ վերլուծաբաններ ցանկանան հեգնանքով նայել այդ ինստիտուտին, այդուհանդերձ, մոլորակում եղել են ճգնաժամային երեւույթներ, որոնք անգամ խոշոր երկրները չեն կարողացել հաղթահարել: Եվ եթե նորից նման երեւույթներ լինեն, վստահ եմ, որ այս թիմը կկարողանա դրանք հաղթահարել: Ինչ վերաբերում է ներկայիս ծրագրին, ապա Հայաստանի համար պրոբլեմ չէ ապահովել տարեկան 7-8 տոկոս տնտեսական աճ: Իսկ աշխատատեղերի հետ կապված՝ հայ մարդը հնարավոր չէ, որ աշխատանք չգտնի, եթե միայն իշխանությունները, մեղմ եմ ասում, չխանգարեն:

«Առավոտ»– Եթե կառավարությունը կարող է հասնել առավել բարձր ցուցանիշների, այդ դեպքում ինչո՞ւ է սահմանում հնարավորից ցածր սանդղակ:

Թ. Մանասերյան– Կարծում եմ, որ կան ռիսկեր, որոնք պետք է հստակ հաշվի առնել: Եթե մի կողմ դնենք ներքին ռիսկերը, ապա կան արտաքին՝ մեզնից չկախված ռիսկեր, որ կարող են նվազագույնի հասցնել արդյունքները: Եվ 5-7 տոկոս աճի ակնկալիքը պայմանավորում եմ դրանով, այսինքն՝ ավելի համեստ ցուցանիշ վերցնել, բայց հասնել ավելիին:

Վ. Բոստանջյան- Ես չեմ ողջունում նման մոտեցումը, բայց դա միայն այս կառավարությանը բնորոշ չէ, յուրաքանչյուր կառավարություն էլ, հատկապես ընդդիմության ոչ առարկայական լինելու պարագայում, հակված է իրեն ապահովագրել:

«Առավոտ»- Սակայն ուշագրավ է այն, որ այս նոր ծրագրում առկա է արտաքին ռիսկերի մասին, ըստ էության, կառավարությանը ապահովագրող առանձին գլուխ, ինչը չկար ՀՀ նախկին կառավարությունների ծրագրերում:

Վ. Բոստանջյան– Եկեք արտաքին ռիսկերից շատ չվախենանք, եկեք ավելի շատ վախենանք ներքին ռիսկերից: Արտաքին ռիսկերը միշտ էլ գոյություն ունեն, եւ դրանք մեզ վրա անդրադառնում են նրանով, թե դրսում գտնվող հայ մարդը ինչքան փող կուղարկի՝ շա՞տ, թե՞ քիչ: Մենք ոչ մի արտակարգ արտահանող երկիր ենք հիմա, որ մտածենք արտաքին ռիսկերից վտանգվելու մասին… ավելի շատ պետք է խոսենք ներքին ռիսկերի մասին, որոնք կայանում են նրանում, որ արտադրությունը չի կարողանում շարժվել առաջ, քանի որ մոնոպոլ-օլիգոպոլ իրավիճակներ կան, ինչը թույլ չի տալիս փոքր եւ միջին բիզնեսին զարգանալ:

«Առավոտ»– Կառավարության ծրագրում նշված է, որ այսօր մեր երկրի տնտեսությունը դարձել է ավելի տարազանված (դիվերսիֆիկացված) եւ ուժեղ, քան մինչեւ 2009թ. ճգնաժամն էր: Որքանո՞վ եք կիսում այդ գնահատականը:

Վ. Բոստանջյան– Ես մտածում եմ, որ այդ «տարազանվածը» հայհոյանք չի երեւի թե…

Թ. Մանասերյան– Այսինքն՝ ստացվում է, որ դիվերսիֆիկացված չէ, բայց տարազանված է:

Վ. Բոստանջյան– Մակրոտնտեսական ցուցանիշով, ՀՆԱ առումով մենք նախաճգնաժամային արդյունքին հասել ենք, բայց դա ամենամեծ բանը չէ:

Թ. Մանասերյան– Հասել ենք, բայց դա գոհացուցիչ չէ:

Բանավեճը վարեց

ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ


Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Տնտեսագետների ԴԵՄ ԱՌ ԴԵՄ բանավեճն ամբողջությամբ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930