Երբ ասվում է, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հյուրերին մատուցողները, անվտանգության աշխատակիցները եւ «ստայանչիկները» դաժան ծեծի են ենթարկել ռեստորանի փաստացի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ցուցումով, դա, իհարկե, քաղաքական շահարկումների ոլորտից է, եւ, բնականաբար, պետք է օգտագործվի քարոզչության համար: Այնուամենայնիվ, նման միջադեպերը պատահականություն չեն: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, թե ինչպես են ընդունում զբոսաշրջիկներին ու ինչպես են նրանց սպասարկում հայաստանյան հյուրանոցներում, հանգստյան տներում՝ ընդհանրապես եւ Սեւանի «Հարսնաքարում»՝ մասնավորապես: Լավագույն դեպքում հյուրերին սպասարկում են այնպիսի «մուննաթով»՝ կարծես թե այդ մարդիկ ոչ թե գումար են վճարել՝ իրենց ժամանցն անցկացնելու համար, այլ եկել են մնալու որպես տնվոր եւ մի բան էլ պարտք են հյուրընկալող կողմին: Տեղայնական մտածելակերպը հետեւյալն է՝ «նա ո՞վ դառավ, կարո՞ղ ա՝ ես նրանից պակաս տղա եմ, որ ես պիտի նրա առաջ հաց դնեմ»: Հենց դեմքի այդ արտահայտությամբ են նման համալիրների ռեստորաններում իրենց «ծառայություններն» առաջարկում մատուցողները:
Հյուրանոցային, ռեստորանային բիզնեսը յուրահատուկ ոլորտ է՝ այստեղ չի կարող տնօրեն, մենեջեր լինել պատահական մարդ, պարզապես «ախպեր-տղա». այդ մենեջերը պետք է փորձ, կրթություն, գիտելիքներ ունենա հենց այդ ոլորտում: Այնուհետեւ՝ նա պետք է աշխատանքի ընդունի ոչ թե շրջակա գյուղերի թափթփուկներին, այլ հատուկ հոգեբանական թեստ անցած մարդկանց, որոնք կարող են համապատասխանել իրենց պաշտոնին: Իսկ դրանից հետո այդ մարդիկ պարտադիր պետք է անցնեն 3-6-ամսյա թրեյնինգ, ցանկալի է՝ արտասահմանցի մասնագետների մոտ: Եթե այդ ամենը չկա, նման դեպքեր էլի կլինեն, երբ աշխատանքի ձեւակերպված «լավ տղերքը» հյուրերին սպասարկելու փոխարեն նրանց խոշտանգում են:
Երկու տարի առաջ հանգստանում էինք Անթալիայում: Այնտեղ հյուրանոցի, ռեստորանի սպասարկող անձնակազմը, այդ թվում՝ անվտանգության աշխատակիցներն անում էին ամեն ինչ մեր հարմարավետության համար, ժպտում էին, բարեւում էին հայերեն, ինչը, ի դեպ, ոչ մի կասկած չի թողնում, որ նրանք գիտեին, թե որ երկրից ենք մենք եկել: Վստահ եմ, որ այդ ոլորտում աշխատող մարդկանց մեծ մասը մեր ժողովրդի հանդեպ ջերմ զգացմունքներ չունի: Բայց տվյալ դեպքում մենք հայեր եւ թուրքեր չէինք՝ մենք հաճախորդներ էինք (այդ բառի ոչ քաղաքական, սովորական իմաստով՝ մարդիկ էինք, որոնք վճարել են ծառայության համար), եւ սպասարկողներ՝ մարդիկ, որոնք այդ ծառայությունները մատուցում էին: Ծառայությունների որակից կախված են տվյալ հյուրանոցի, տվյալ ռեստորանի, իսկ մեծ հաշվով՝ ամբողջ երկրի եկամուտները զբոսաշրջային բիզնեսից՝ այդ եկամուտներն, ինչպես հայտնի է, Թուրքիայում հսկայական են: Իսկ մեր հայրենիքում հերիք չի 3-4 անգամ ավելի թանկ են վերցնում, քան Անթալիայում, դեռ այնպիսի «ծառայություններ» են մատուցում, որ իրենց ռեստորան առանց զրահաբաճկոնի մտնել հնարավոր չէ:
Ինչ մնում է թուրքերին, ապա «թուրքը» (այդ բառի՝ Հայաստանում ընդունված կարծրատիպային իմաստով) հենց նրանք են, ովքեր 15 հոգով հարձակվում են իրենց մոտ հյուր եկած 4 հոգու վրա: Իսկական «թուրք» են:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ