ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը՝ այլեւս չձգձգել ղարաբաղյան հարցի լուծումը Նորավանք հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի համար նախորդ հայտարարություններից ոչնչով չի տարբերվում: «Եթե նայեք նախորդ 2, 3 նման հայտարությունները, ապա կտեսնենք, որ կազմողները շատ մեծ փոփոխություններ չեն կատարել այդ հայտարարություններում եւ գրեթե բոլոր հայտարարությունները այդ ձեւակերպումներն ունեն: Բայց պետք է հասկանանք, որ ցանկացած բանակցություն ավելի լավ է քան բանակցություն չլինելը »,-այսօր «Փաստարկ» ակումբում ասաց Գ. Հարությունյանը:
Նա տպավորություն ունի՝ ոչինչ չի փոխվել ղարաբաղյան հակամարտության հարցում, բայց միաժամանակ շատ շրջադարձային փոփոխություններ են եղել՝ պայմանավորված տարածաշրջանային զարգացումներով. «Ադրբեջանը հայտնվել է բավական բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, այսօր նրա համար դարձել է 2-րդ ճակատը Իրանի հետ, սա շատ կարեւոր հանգամանք է մեր հետագա գործողությունների համար, այսինքն իրանյան ճակատը մի գործոն է , որ ինչ-որ մի տեղ գերակայում է ադրբեջանական վերնախավի անհանգստություններում: Տպավորությունն այնպիսին է, որ Ադրբեջանն անկախ իր կամքից ներքաշվել է հակաիրանյան գործընթացների մեջ եւ այնքան էլ ուրախ չէ, ու անգամ փորձում է շեղել այդ ուղղությունից միջազգային հանրության ուշադրությունը: Նրա վերջին ագրեսիվ գործողություններն էլ դրանով եմ պայմանավորում»:
Նա նկատել է, որ Հայաստանի կամ Ադրբեջանի նախագահների հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հարցի կարգավորման նոր մոտեցումների մասին է խոսում, բայց պարոն Հարությունյանն առայժմ հիմքեր չունի, որ հարցի լուծման վերաբերյալ ինչ-որ նոր բան է առաջարկվել.«Դատելով գոնե ադրբեջանական կողմի հայտարարություններից, որոնք դեմ են ցանկացած՝ նույն դիպուկահարների խնդրում անհողդողդ դրիքորոշում ունեն: Նորն այն է, որ ամերիկացիները փորձում են իրենց հովանու տակ վերցնել հայ-ադրբեջանական հարաբերություններն ու մամուլում կարծես թե կան հիշողություններ, որ կարող է նաեւ լինի նախագահների հանդիպում՝ ամերիկյան նախաձեռնությամբ»:
Պարոն Հարությունյանի խոսքերով, բացի այս վարկածից ամերիկացի վերլուծաբանները առաջ են քաշում նաեւ խնդրի լուծման ուժային թելադրանքի տարբերակը. «Բայց սա կարծում եմ, այնքան էլ իրատեսական չէ»: Բայց բանախոսը նկատել է տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերի նահանջ. «Արեւմտյան ուժերը նույնպես բավարար ռեսուրսներ չունեն, այսօր նկատում ենք նահանջ տարածաշրջանից: ԱՄՆ-ն Իրաքից դուրս է բերել նրա զինուժը, նաեւ Աֆղանստանում խոստացել են հաջորդ տարի դուրս հանել»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Ադրբեջանցիների սահմանային վերջին սադրանքներին, բանախոսը կարծիք հայտնեց, որ Հայաստանի պատասխանը նույնիսկ համարժեքից ավելին էր. «Գտնում եմ, որ բավականին արդարացված էր, եւ նման պարագայում խոսքը գնում է 40-50 կորստի մասին ադրբեջանական կողմից, եւ սա միակ ճանապարհն է, որովհետեւ ադրբեջանցիները սկզբունքորեն դեմ են, որ դիպուկահարները քաշվեն դիրքերից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ