Եգիպտոսի պետական Mena լրատվական գործակալությունը հայտնում է, որ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը կլինիկական մահ է տարել հիվանդանոցի ճանապարհին։
Եգիպտական Nile TV հեռուստատեսությունն էլ հաղորդում է, որ Մուբարաքի կյանքը փրկելու փորձերը շարունակվում են։
Միաժամանակ, Reuters գործակալությունը հայտնում է, որ իր գաղտնի աղբյուրի հավաստմամբ` Մուբարաքը ողջ է, թեեւ դեռ արհեստական շնչառության է միացված։
Եգիպտոսի նախկին նախագահի առողջական վիճակի շուրջ իրարամերժ տեղեկությունները տարածվել են այն բանից հետո, երբ Մուբարաքը կաթված է ստացել եւ բանտի հիվանդանոցից տեղափոխվել մոտակա բուժհաստատություն։
BBC-ի փոխանցմամբ` եգիպտացիները թերահավատությամբ են վերաբերվում նախկին նախագահի վատառողջության մասին լուրերին, քանի որ անցյալում բազմաթիվ անգամներ նման տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը։
«Ազատություն» ռադիոկայան