Այսօր ներկայացվեցին «Փախստականների համաշխարհային օրը պատանիների աչքերով» իրազեկման ծրագրի արդյունքները: Ծրագիրն անցկացրել է «Ապագան քոնն է» ՀԿ-ն՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնաժողովի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Ծրագրի ընթացքում թիվ 30 ավագ դպրոցում իրականացվել են դասընթացներ, որոնց մասնակցել են 60 պատանիներ:
Թիվ 30 դպրոցի աշակերտուհի Արուսիկ Հովհաննիսյանը, անդրադառնալով իրենց կատարած հետազոտության արդյունքներին, նշեց. «Հայաստանում փախստականներն ունեն ինտեգրման խնդիր, նկատվում է, որ նրանք մի փոքր մեկուսացված են»:
Թիվ 78 դպրոցի աշակերտուհի Զառա Թորգոմյանն էլ պատմեց. «Ես նկարահանել եմ ռեպորտաժ, որը ներկայացնում է փախստականների կյանքը: Ծրագրի ընթացքում կատարել եմ սոցհարցում, թե Հայաստանում ինչպես են վերաբերվում փախստականներին: Արդյունքում պարզվեց, որ բնակչության մեծամասնությունը դրական է վերաբերվում փախստականներին: Ուրախալի է նաև, որ այսօր հայ երիտասարդությունը գիտակցում է, որ փախստականները նույն մարդիկ են, ինչ իրենք»:
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ վաղը 10.30-ին աշակերտները կկազմակերպեն ֆլեշ մոբ և խաղաղ քայլերթ «Փախստականների համաշխարհային օր» խորագրով, իսկ հունիսի 22-ին՝ Փախստականների համաշխարհային օրվան նվիրված ամփոփիչ միջոցառում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ