Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը՝ Օսկանյանին. «Մենք մեր մեղքը ուրիշի վրա չենք բարդելու»

Հունիս 20,2012 12:37

 ԱԺ-ում այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց կառավարության նոր ծրագիրը: Իր ելույթում  նա նշեց. «Կանխելու ենք հասարակության ծերացման միտումները, բուհ ընդունվելը դարձնելու ենք հեշտ, ավարտելը՝ դժվար, երեք երեխա ունենալու դեպքում տալու ենք մեկ միլիոն դրամ, հաստատելու ենք արդարություն՝ մեր կյանքի բոլոր ոլորտներում: Նվազագույն աշխատավարձի կրկնապատկում, միջին աշխատանքային կենսաթոշակի բարձրացում, աղքատության կրճատման ապահովում 8-10%-ային կետով: Հարգելի պատգամավորներ, հավատացնում եմ ձեզ, որ կառավարությունն ապահովելու է նախորդ ծրագրի շարունակականությունը: ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ այս ծրագրի դրույթները խիստ արդիական են եւ անհրաժեշտ:Անփոփոխ են մնալու միայն արժեքները՝ հայրենասիրությունը, նվիրվածությունը, աշխատասիրությունը, հանդուժղողականությունը»:

Տիգրան Սարգսյանն իր ելույթն ավարտեց ՀՀ նախագահի խոսքերով՝ «Նոր Հայաստան կերտելու պատմական հնարավորրությունը մեր ձեռքերում է, յուրաքանչյուրիս ձեռքում, եւ մենք դա անելու ենք»:

ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանը վարչապետից հետաքրքրվեց արտաքին ռիսկերի եւ ՀՆԱ աճի տեմպերի դանդաղման հետ կապված կանխորոշումների մասին, որոնք տեսել է կառավարությանն ծրագրում: Տիգրան Սարգսյանը նշեց, որ արտարժույթի ներկայիս տատանումները առայժմ չեն ազդի ծրագրի կատարման վրա, բայց, իհարկե, եթե լինեն կտրուկ տատանումներ, կազդի:

ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը հետաքրքրվեց, թե տնտեսության անկումը ինչքա՞ն է եղել վերջապես. «Տվել եք 14 %, եթե կառավարությունը հանկարծ սխալ լինի՝ կլինի 20-25:

Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Այո, 14 %-անոց անկումից կարող էինք խուսափել: Շինարարության ոլորտում ամեն տարի տեղի էր ունենում գների բարձրացում: Սա էր հիմնական պատճառը, որ անկումը ՀՀ-ում մեծ էր, 10.5%-ը այդ անկման տոկոսի մեջ շինարարությունն էր: Երբ նայում ես թվերին, միանգամից այդպիսի խորը անկման պատճառը երեւում է: Մենք մեր մեղքը ուրիշի վրա չենք բարդելու, մենք ենք պատասխանատու այդ իրավիճակի համար: Այս քաղաքական շեշտադրումը կարեւոր է, մենք որեւիցե մեկին չենք մեղադրում: Հիմնախնդիրներ կան, առաջին հիմնախնդիրը՝ չենք կարողանում ապահովել հավասար միջավայր՝ բիզնեսի համար: Եթե մենք չկարողացանք խոշոր բիզնեսին, որը պարբերաբար խախտում է հավասար կանոները, այդ բոլոր ծրագրերը կտապալվեն: Կառավարությունը դրա համար հստակ ախտորոշել է համար մեկ հիվանդությւոնը մեզ համար եւ տալիս է այն գործիքները, թե ինչպես պետք է այս հարցը լուծենք՝ օրենսդրական փոփոխություններ, պատժամիջոցներ՝ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի շրջանակներում: Ամենակարեւոր գործիքը հրապարակայնությունն է: Մենք պետք է հանրությանը ներկայացնենք փաստերով խոշոր բիզնեսի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը: Առանց սրա մենք հաջողություն չենք կարող ունենալ»:

Տիգրան Սարգսյանը եւս մեկ անգամ խոստացավ ստվերային տնտեսությունը կրճատել:

Վարդան Օսկանյանը նշեց. «Ես կարծում եմ, որ ցածր ցուցանիշների դնելով՝ դուք ձեզ ապահովագրել եք: Մենք պետք է մրցենք Վրաստանի, հարեւան երկրների հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930