Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազենային վնասվածք ստացած զինվորի բուժման շուրջ

Հունիս 20,2012 11:51

 Երեւանի Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալում հունիսի 13-ին տեղի ունեցած բժշկա-ադմինիստրատիվ կոնսիլիումի (գիտաժողով) ժամանակ որոշվեց, որ ժամկետային զինծառայող Գեւորգ Եղիազարյանի բուժման հարցով բանակցություններ կվարեն Իսրայելի հետ։ Դրանից հետո Գեւորգի համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են Իսրայել։ Սակայն առայժմ պատասխան չկա:

Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան Մարտակերտի պաշտպանության ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում 2011-ի դեկտեմբերի 28-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վնասվածք էր ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Գեւորգ Էդիկի Եղիազարյանը։ Գեւորգը հիմա գտնվում է Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալում։ Նրա մոտ ախտորոշվել է պարանոցային ողի եւ ողնուղեղի լրիվ ընդհատում, այսինքն՝ պարանոցային վեցերորդ ողից ներքեւ նրա ողնուղեղը չի «աշխատում»։

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՊՆ ռազմաբժշկական վարչության հոսպիտալային բաժնի պետ Մանվել Վարդանյանն ասաց. «Գեւորգի հետագա բուժման համար դիմել ենք Իսրայելի բուժհաստատություններից մեկին, որտեղ մեզ ասացին, որ իրենք պետք է կոնսիլիում անեն»։

Վարդանյանի խոսքերով՝ գումարի չափը պաշտպանության նախարարության համար խնդիր չէ. «Բայց, իմ կարծիքով ավելի էժան կլինի Իսրայելի տարբերակը, քան Գերմանիայի առաջարկածը։ Եւս մեկ անգամ կրկնեմ՝ գումարի չափը նշանակություն չունի»։ Նրա համոզմամբ՝ քանի որ Իսրայելում պատերազմական վիճակ է, այդ պատճառով նման դեպքեր շատ կլինեն. «Բացի այդ, այնտեղի հոսպիտալներն ավելի հարուստ են ժամանակակից սարքավորումներով։ Անձամբ եմ տեսել այդ ամենը»։

Իսկ եթե Իսրայելի բուժհաստատությունը Գերմանիայի նման նորից ձգձգի հարցի լուծումը, ի՞նչ քայլեր կձեռնարկի ՊՆ-ն։ Կբանակցի մեկ այլ երկրի հետ։ Այս հարցերին ի պատասխան՝ Վարդանյանն ասաց. «Հիմա այդ հարցին չեմ կարող պատասխանել եւ ասել, թե որ երկրի հետ կբանակցենք։ Մեզ համար կարետր է, որ արդյունք ունենանք»։

Իսրայելի բուժկենտրոնի մենեջերի հետ խոսել է նաեւ Գեւորգի հայրը՝  Էդիկ Եղիազարյանը. «Երկու օր ժամանակ են վերցրել, որպեսզի քննարկեն եւ տեսնեն, թե ինչով կարող են օգնել Գեւորգին։ Նրանք ասացին, որ հնարավոր է՝  ոչինչ չկարողանան անել»։ Գուցե Գեւորգին տանեն Իսրայել եւ նորից հետ բերեն։ «Չեմ ուզում մեր հայ բժիշկներին վիրավորեմ, բայց ինձ թվում է՝ նրանց տեխնիկան ու փորձն ավելի հարուստ է»,- համոզմունք հայտնեց հայրը։

Գեւոգը, իհարկե, դեռ չգիտի, որ չի գնալու Գերմանիա, բայց հույսով սպասում է, որ շուտով կմեկնի։ «Սա ուղղակի ծնողական վերջին հույսն է։ Ի՞նչ անենք, ասե՛ք։ Ամբողջ կյանքում ինձ չեմ ների, որ չտանեմ ոչ մի տեղ ու ոչինչ չանեմ որդուս համար։ Իսկ միգուցե այնտեղ մի բա՞ն անեն։ Դա իմ, կնոջս ու որդուս հույսն է»,- դողդոջուն ձայնով անկեղծացավ Է. Եղիազարյանը։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930