Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարց համանախագահող երկրների ղեկավարներին. «Լավ, որքան կարելի է լղոզել, ո՞ւմ է ուղղված կոչը»

Հունիս 20,2012 11:44

Նախօրեին Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման եւ Ֆրանսուա Օլանդը։
Միանգամից աչքի է զարնում, որ երեք նախագահների հայտարարությունը հնարավորինս համահարթեցնող է, լղոզված։ Եվ չնայած հանրահայտ է, որ ադրբեջանական կողմն է շարունակաբար տորպեդահարում թե՛ բանակցային գործընթացը, թե՛ խաղաղությունն ինքնին, Պուտինը, Օբաման եւ Օլանդը, ինչպես նախորդ դեպքերում, «կրակ ու ցավը» հավասարապես բաշխում են «երկու կողմերին», ի դեպ, լրիվ մոռացած բուն կողմին՝ Արցախին։
Հայտարարությամբ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի նախագահներն ընդգծում են, որ միասնական են Լեռնային Ղարաբաղի հակամարտության «խաղաղ կարգավորմանը վճռական նվիրվածության հարցում»։
Այնուհետեւ եռանախագահները նշում են. «Հակամարտության կողմերը չպետք է հետաձգեն երկարաժամկետ ու խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ կարեւոր որոշումների ընդունումը: Մենք ցավում ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները վճռական քայլեր չձեռնարկեցին, որին մեր երկրները կոչ էին անում 2011 թվականի մայիսի 26-ին Դովիլում արված համատեղ հայտարարությամբ: Այդուհանդերձ արդեն իսկ ձեռք բերված առաջընթացը պետք է ազդակ հաղորդի համապարփակ խաղաղության ապահովմանը տանող շրջանակային համաձայնությունների աշխատանքներն ավարտելուն»:
Բավական երեսպաշտական դիրքորոշում է, նամանավանդ «վճռական քայլեր» չձեռնարկելու ցավ-դիտողությունը հավասարապես վերագրում են նաեւ Հայաստանի ղեկավարին, թերեւս «մոռանալով», թե ով եւ ինչ քայլերով ձախողեց կազանյան հանդիպումը։
Այդ համատեքստում արդեն խազված ձայնապնակի տպավորություն են թողնում ՄԽ եռանախագահների կոչերն ու հիշեցումները. «Մենք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ ենք անում կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցումն արագացնելու պարտավորությունը, որն ամրագրված է 2012 թվականի հունվարի 23-ին Սոչիում իրենց արած հայտարարության մեջ:
Ի հաստատումն իրենց քաղաքական կամքի՝ նրանք պետք է բանակցություններում ձեռնպահ մնան մաքսիմալիստական դիրքորոշումներից, հավատարիմ մնան կրակը դադարեցնելու մասին 1994 թվականի համաձայնագրին, խուսափեն լարվածությունը շիկացնող թշնամական հռետորաբանությունից:
Առաջնորդներին կոչ ենք անում ղեկավարվել Հելսինկյան Եզրափակիչ ակտի սկզբունքներով, մասնավորապես ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքներով եւ կարգավորման տարրերով, որոնք սահմանվել են մեր երկրների համատեղ հայտարարությունների մեջ` 2009 թվականին Աքվիլայում եւ 2010 թվականին Մուսկոկում»:
Լավ, որքան կարելի է լղոզել, ո՞ւմ է ուղղված կոչը՝ Հայաստանի՞ն, թե՞ Ադրբեջանին։ Ո՞ր կողմն է, որ շարունակում է «լարվածությունը շիկացնող թշնամական հռետորաբանությունը», դիմում ակնհայտ ագրեսիայի ու արկածախնդրության։ Ակներեւ է, որ ադրբեջանական կողմն է, եւ հասկանալի է նաեւ, որ այսուհետ եւս ալիեւյան կլանը շարունակելու է նույն վարքը։
Համանախագահ երկրների ղեկավարները նշում են. «Ռազմական ուժի կիրառությունը չի բերելու հակամարտության լուծմանը, այլ միայն երկարացնելու է այն տառապանքն ու թշվառությունը, որին երկար ժամանակ ենթարկվում են տարածաշրջանում ապրող ժողովուրդները: Միայն բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորումը թույլ կտա ելք գտնել ստեղծված իրադրությունից եւ ապահովել տարածաշրջանի անվտանգ ապագան ու բարգավաճումը:
Մեր երկրները շարունակում են կողմերի հետ սերտ աշխատանքը: Մենք կոչ ենք անում նրանց՝ ողջ ծավալով օգտագործել Մինսկի խմբի համանախագահների առաջարկած միջնորդական աջակցությունը: Սակայն վերջին հաշվով խաղաղության ճակատագիրը կախված է ոչ թե միակողմանի առավելությունների հասնելու ճանապարհն ընտրելուց, այլ հակամարտության կողմերի` փոխըմբռնման հիման վրա համաձայնության գալու պատրաստակամությունից, նաեւ` այն օգուտների ընդհանուր գիտակցումից, որոնք խաղաղություն կբերեն ժողովուրդներին ու նրանց սերունդներին»:
Պարզ իրողությունների հերթական արձանագրմամբ ամփոփված հերթական հայտարարությունը, կարելի է ասել, եկավ համալրելու նախորդների ցանկը։ Դրանից, սակայն, ոչինչ չի փոխվում եւ հազիվ թե փոխվի։ Նույնիսկ գործընթացի արագացման վերաբերյալ համանախագահների հիշեցումներն ու հորդորները, իրոք, հազիվ թե իրական որեւէ ազդեցություն թողնեն բուն կարգավորման ընթացքի վրա։ Ամենից առաջ ադրբեջանական կողմի որդեգրած ագրեսիվ ու նախահարձակ մոտեցումը բացարձակ ձեւականության է վերածում բանակցային գործընթացն ինքնին։

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայոց աշխարհ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930