Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. « Եթե նման մի ընտանիք գտնվի, ես իմ մեքենան նվեր կտամ»

Հունիս 20,2012 11:33

Հատված ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանի հարցազրույցից:

– Պարոն Եղիազարյան, ինչպե՞ս եք գնահատում կառավարության նոր ծրագիրը, եւ ըստ Ձեզ՝ արդյոք դրանում կան առկա խնդիրների նոր լուծումներ։

– Ես ասել էի, որ ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրն ուղղակի ոչ մեկի կողմից չտեսած ծրագիր է, ոմանք կարողացան կաշառքով ինչ-որ բանի հասնել, հիմա էլ աբստրակտ կառավարության ծրագիր են ներկայացնում։ Այն երկիրը, որն ունի կես միլիոնից ավել սոված մարդ, դա ես իրենց թվերն եմ ներկայացնում, իրենք իրավունք ունե՞ն այդպիսի աբստրակտ ծրագիր ներկայացնել։ Հասկանալով, որ արդեն պառլամենտական մեծամասնություն ունեն, իրենք թքած ունեն, թե ինչ ծրագիր կներկայացնեն, կկարողանան ինչ-որ բան իրականացնել, թե չէ, նրանք անգամ դրա մասին չեն էլ մտածում։ Աշնանն իսկապես քաղաքական լրջագույն ճգնաժամ կսպասվի Հայաստանում, իրենք էլ ոչ մի միտք չունեն տնտեսության մեջ փոփոխություն կատարել, ընդհանրապես միտք չունեն նաեւ աղքատության հարցը լուծել։ Սոված մարդը ստիպված պետք է լքի իր հայրենիքը, ինչի մասին Տիգրան Սարգսյանը ժամանակին մամուլով ասել էր. «Ի՞նչ է, թողնենք՝ մնան երկրում, հեղափոխությո՞ւն անեն», դրա համար էլ իրենք նորմալ ծրագիր չեն ներկայացնում ու չեն մտածում այն իրագործելու մասին։

– Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Սերժ Սարգսյանին չհաջողվեց լուրջ փոփոխություններ կատարել գործադիրում, ինչպես կանխավ խոստացվել էր։

– Իհարկե նա չէր կարող ինչ-որ բան փոխել, միայն էն խուլ գյուղերում կարող էին հավատալ, որ ինքը կարող էր ինչ-որ բան փոխել։ Այդ ծրագրերը կազմում են ՀՀԿ-ի ու իրենց նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրերին համահունչ։ Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրում ՀՀ-ի մոտ կես միլիոնից ավել կենսաթոշակառուներին խոստացել էր շուրջ երկու անգամ ավելացնել թոշակը, իսկ հիմա հարց եմ տալիս՝ բարձրացրե՞լ է, իհարկե ո՛չ։

– Այսինքն՝ Սերժ Սարգսյանի նախընտրական չիրագործված ծրագրից կարելի է եզրակացնել, որ անիրականանալի է նաեւ ՀՀ կառավարության նո՞ր ծրագիրը։

– Այո՛, այդ ամենից կարելի է եզրակացնել ամեն ինչ։ Նշեմ նաեւ փաստեր. Սերժ Սարգսյանն իրեն կարգեց նախագահ ու խոստացավ, որ հայի ընտանիքը երկու անգամ ավելի լավ կապրի, հիմա մի ընտանիք կա՞, որ երկու անգամ լավ է ապրում, իհարկե չկա։ Ասել էր, որ նորաստեղծ ընտանիքները Հայաստանում կունենան ավտոմեքենա եւ բնակարան ձեռք բերելու հնարավորություն, բացի իրենց երեխաներից, կա՞ մի երեխա, որ ՀՀ-ում ամուսնացել է եւ մեքենա ու բնակարան ձեռք բերելու հնարավորություն է ունեցել։ Եթե նման մի ընտանիք գտնվի, ես իմ մեքենան նվեր կտամ։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930