Երեւանի նախկին քաղաքապետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կառավարության ծրագիրը կիսատ-պռատ խոստումների եւ դեկլարատիվ հայտարարությունների ամբողջություն է։ «Կառավարության ծրագրի հետ ծանոթանալուց հետո այն տրամադրությունը չի առաջանում, որ Հայաստանն առաջիկա հինգ տարիներին կդառնա մի երեւելի երկիր, որտեղ ցանկալի կլինի ներդրումներ կատարել ու զբաղվել բիզնեսի զարգացմամբ»,- ասաց Խաչատրյանը։ Վերջինիս գնահատմամբ, այս ծրագրով կառավարությունը ոչ մի լուրջ խնդրի լուծում չի առաջարկում։ Ավելին, ՀՀ իշխանությունները փաստում են, որ մտադիր չեն փոխել վերջին տարիներին իրենց վարած քաղաքականությունը։ «Նույն քաղաքականությունը, որը վարում էին նախորդ տարիներին, շարունակվում է նաեւ այս ծրագրում»,- ասում է Վահագն Խաչատրյանը։ Իսկ ծրագրի այն հատվածը, որտեղ ներկայացված են ռիսկերը, ըստ Երեւանի նախկին քաղաքագետի, կառավարությունը հատուկ է ընդգրկել, որպեսզի հետագայում արդարանալու հնարավորություն ունենա եւ կարողանա ասել, թե, իբր, խոստումների չիրականացման մեղավորը ոչ թե գործադիրն է, այլ աշխարհում տեղի ունեցող գործընթացները։ «Նախորդ՝ 2008-2012 թվականների ծրագիրը կազմելիս, երբ 2008 թվականին Սերժ Սարգսյանն իշխանությունը զավթեց, միջազգային տնտեսական ճգնաժամի նշույլներն արդեն կային, բայց դրա մասին Հայաստանի իշխանությունները չէին խոսում։ Այն ժամանակ հեքիաթային մի ծրագիր ներկայացրեցին, որով խոստանում էին աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացում, աղքատության կրճատում եւ այլն։ Բայց այդ ծրագիրն այդպես էլ իրականություն չդարձավ։ Հիմա փորձում են իրենց ապահովագրել միջազգային ռիսկերով։ Նույնիսկ կիսատ-պռատ, ոչ ամբողջական գրած խոստումները ռիսկային են»,- նկատեց Վահագն Խաչատրյանը։
Վերջինս, որպես կառավարության լավ ծրագրի օրինակ, մատնանշեց Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ծրագիրը։ «Կառավարության ծրագիրը մի կարեւոր խնդիր պետք է լուծի, եւ մեր ծրագրի իմաստը հենց դա էր. Հայաստանի Հանրապետության քաղաքացու, բիզնեսմենի մեջ անհրաժեշտ է վստահություն առաջացնել, որ Հայաստանում եւ անձնական կյանքում օրենքի գերակայությունը դառնում է առաջնային: Այսինքն, տնտեսավարող սուբյեկտները, քաղաքացիները պետք է համոզվեն, որ իրենց հարաբերություններում կարեւորվելու են օրենքները եւ դրանց հավասար կիրառումը»,- պարզաբանեց Երեւանի նախկին քաղաքապետը։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
«Հայկական ժամանակ»