Լրահոս
Օրվա լրահոսը

Արկա քաղաքական ստատուս քվոն բոլորին առայժմ ձեռնտու է

Հունիս 20,2012 11:24

Այս խորհրդարանն ու այս կառավարությունն, իսկապես, ժամանակավորի դաջ ունեն իրենց ճակատներին, ու ոչ ոք չի կարող 100 տոկոսով պնդել, որ նոր խորհրդարանի պատգամավորները ու նոր նշանակված նախարարները նախագահական ընտրություններից հետո կլինեն այնտեղ, որտեղ ե՛ն: Քանի որ նախագահ Սարգսյանն այս խորհրդարանական ընտրություններին ռիսկի չգնաց եւ մեծ հաշվով չփոխեց առկա քաղաքական ստատուս քվոն (տոկոս ավել-տոկոս պակաս խորհրդարանում` նշանակություն չունի, անգամ ՀԱԿ-ի խորհրդարան անցնելն առկա քաղաքական գծագրի արտացոլումն է), եւ նախարարներին նշանակելիս էլ մեծ ռիսկերի չգնաց: Ընդհակառակը, ասենք, Արմեն Գեւորգյանի լիազորությունները նույնը թողնելով ու Գագիկ Բեգլարյանին պաշտոն տալով` նախագահական ընտրություններին ընդառաջ նախագահ Սարգսյանը կարող է իրեն ապահով զգալ տեղերում աշխատել կարողացող այդ մարդկանց ծառայություններն օգտագործելով: Սակայն դա չի նշանակում, որ նախագահը չի պատկերացնում հասարակությունում առկա փոփոխությունների մեծ պահանջը, եւ այն, որ հին մարդկանցով հնարավոր չէ նոր տիպի կառավարում:

Ինչպես եւ նախորդ խորհրդարանում` նորում էլ մեծ թիվ են կազմում գործարարները, ու նաեւ այն պատգամավորները, որոնք քվորում ապահովող կոճակը ճիշտ ժամանակին սեղմողներ են: Այսինքն` քաղաքական դաշտը նույնպես մեծ հաշվով ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ նրանից դուրս մինչեւ այժմ ձեւակերպված ստատուս քվոյի պատկերն ունի, որտեղ ամեն ինչ շարունակելու են որոշել ԲՀԿ եւ ՀՀԿ առաջնորդները, նշանակություն են ունենալու նրա՛նց որոշակիացումները եւ դիքորոշումները:

Ինչպես եւ ընտրություններից երեք-չորս ամիս առաջ, հիմա էլ դեռ հայտնի չեն, թե ի՞նչ կերպ են տարբերվելու իշխանական մեծամասնության եւ նրա այլընտրանք` կշեռքի մյուս թեւի գործելակերպն ու մոտեցումները, անգամ եթե դրանք նեղ շրջանակում հայտնի են, ու միմյանց հետ պայմանավորվածություն կա` հասարակությունն այդ մասին ոչինչ չգիտի: Ու մի այնպիսի հայտարարություն, թե նպատակահարմար չէ գործադիրում պատասխանատվություն ստանձնել, դեռ չի հստակեցնում, թե դեպի ուր են տանում մեզ մեր քաղաքական ուժերը նախագահական ընտրություններին ընդառաջ, արդյո՞ք զուտ անձերի, նախագահական ընտրություններին նրանց մասնակցության խնդիրն է վճռվում լոկ, թե նաեւ համակարգերի (ավելի շուտ` առաջինը), եւ մեր խեղճ ժողովուրդն ինչ սպասի այդ բոլորից:

Բազմաթիվ գործոններ կան այս չհստակեցումների կամ, ինչպես մենք ենք ասում, քաղաքական ստատուս քվոյի` առայժմ երկար պահպանման համար, իսկ ստատուս քվոյի պահպանումը հասարակության շահերից չի բխում: Առաջինն ու ամենաէական գործոնն այն է, թե ի վերջո ովքեր են որոշում իրենց թեկնածությունը դնել առաջիկա նախագահական ընտրություններում: Երկրորդն այն է, թե դրսից ու ներսից իրար համակցված ի՞նչ ուժեր ու խաղացողներ են կանգնելու տվյալ թեկնածուների թիկունքում, եւ տվյալ թեկնածուներն այնքան շանս կստանան հաղթելու, որքան շանս ունեն նրանց թիկունքում խաղացողները միմյանց հաղթելու, միմյանց հետ կոմպրոմիսի գալու կամ հարաբերություններ սրելու եւ, հակառակը, մեղմելու առումով: Այս հարցերը դեռեւս չեն հստակված բոլոր` ե՛ւ դրսի, ե՛ւ ներսի մակարդակներում, ու պարզ է, որ բոլոր ուժերին, մինչեւ հստակեցնելը, պայմանավորվելը, կամ, ընդհակառակը, միմյանց հանդեպ անհաշտ կեցվածքի որդեգրումը, ձեռնտու է ներկայիս քաղաքական ստատուս քվոն: Պարզ է, որ որեւէ թեկնածու, հաղթելու դեպքում, եւ առաջին հերթին հիմնական ֆավորիտ համարվող Սերժ Սարգսյանը, կստանա քարտ բլանշ` վերջապես կազմելու Հայաստանում ի՛ր ուզած կառավարությունը, ով ի վերջո միջազգային բարձր չափանիշներով կկարողանա խնդիրները լուծել: Կուզենա Հայաստանի խորհրդարանն ավելի մարդկային տեսքի բերել` նոր ընտրություններով: Իսկ դրա համար ընտրվելիք նախագահին շատ ժողովրդավարական եւ կասկած չհարուցող ընտրություններ են հարկավոր: Դրա համար այդ նոր նախագահը պետք է ունենա ոչ թե սոսկ ընտրողների հարկավոր քվեի ինչ-որ մակարդակ, այլ շատ բարձր եւ շատ մաքուր քվե: Համաձայնեք` սա նախագահի ապագա բոլոր հնարավոր թեկնածուների համար դժվար գործ է: Ու ահա այս պատճառով էլ հիմա երկար է արտաքին խաղացողների լեզուն: Եվ ի՞նչ իրավիճակ կլինի մեր տարածաշրջանում նոր տարվա գարնանը, երբ տեղի կունենան նախագահական ընտրությունները, ու այն, ինչ այսօրվա մեծ խաղացողների մղիչ ուժն է, սիրիական, իրանական խնդիրներին խառնվելու արդյունքում ամիսներ հետո կարող է բոլորովին ուրիշ բովանդակություն ունենալ:

Այնպես որ այժմ առկա քաղաքական ստատուս քվոն դեռ ամիսներ պահպանվելու է, այն ձեռնտու է ՀՀԿ-ին ու նրա առաջնորդին, եւ ԲՀԿ-ին ու նրա առաջնորդին ու նրանց ներշնչողին: Իսկ Օսկանյանի հետ տեղի ունեցողը հնարավոր է, որ միայն պրոֆիլակտիկ կամ զսպող նշանակություն ունի` ավելորդ էյֆորիայից զրկել փորձելով մեծամասնության այլընտրանքին, որպեսզի այս ուժը հարկավորից ավելի չջանա:

Նույն` երկուստեք զսպման նշանակությունը կարող է ստանալ կառավարության ծրագրի մի լավ քննադատությունն այսօր ԲՀԿ-ի եւ այլ ուժերի կողմից, քանի որ չենք կարծում, ի վերջո, որ կառավարության ծրագիրը հավանության չարժանանա` անհրաժեշտ նվազագույն ձայները մեծամասնությունն ունի: Ուրիշ խնդիր, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կարող է քննադատության բարձր դոզայից անհարմար վիճակի մեջ ընկնել, քանի որ քննադատության արտաքին ցուցափեղկը լավ կառավարման մեծ ջանքեր է պահանջելու: Սակայն որքան որ թափով քննադատելու են կառավարության ծրագիրը, նույն արագությամբ էլ այն ընդունվելու է` այժմ առկա քաղաքական ստատուս քվոն է հուշում դա:

Երբ այդ ստատուս քվոյի խախտման առաջին ակնհայտ նշանները երեւան, այն ժամանակ էլ կխոսենք, բայց դա դեռ ամիսներ չի լինի:

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930