Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից անցկացված ծառայողական քննության արդյունքում ՀՀ ԱՆ պաշտոնակատար Հրայր Թովմասյանը համապատասխան հրամաններով կարգապահական տույժեր է սահմանել դատական ակտերի հարկադիր կատարող Մհեր Մեժլումյանի և քրեակատարողական ծառայող Արման Բաղդասարյանի նկատմամբ:
Ըստ պաշտոնական տեղեկատվության, Հ. Թովմասյանը հրամայել է ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև հարկադիր կատարողի վարքագծի կանոնները խախտելու համար դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնի հարկադիր կատարող Մհեր Մեժլումյանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ և հայտարարել խիստ նկատողություն։
Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, քրեակատարողական ծառայողին ոչ հարիր և անթույլատրելի վարքագիծ դրսևորելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետ Արման Բաղդասարյանի նկատմամբ հրամանի համաձայն կիրառել պաշտոնի իջեցում կարգապահական տույժը։
Հրայր Թովմասյանը հրամայել է նաև դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող Մ. Պողոսյանին և արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանին կազմակերպել հրամանի իրազեկումը դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և քրեակատարողական ծառայության անձնակազմերին։