«Իսպանիայում գործող Միացյալ Երիտասարդական Լիգան եւ «Խորան» կրոնական կառույցի անդամներից մի քանիսը հայտնել են, որ հունիսի 17-ի գիշերը «Խորանի» ղեկավար Հրաչյա Խաչատրյանը պատրաստվել է Մադրիդի օդանավակայանից մեկնել Երեւան, սակայն օդանավակայանում նրան ձերբակալել է Իսպանիայի ոստիկանությունը, հայտնաբերել 1,5 կիլոգրամ գողացված ոսկեղեն եւ 24 ժամ պահել փակի տակ, ինչից հետո Խաչատրյանը բաց է թողնվել գրավի դիմաց»,-Aravot.am-ին հայտնեց Միացյալ Երիտասարդական Լիգա (ՄԵԼ) շարժման համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը:
Նա հավելեց, որ ոսկեղենի մեջ հայտաբերվել են նաեւ օրեր առաջ ՄԵԼ-ի անդամներից մեկի բնակարանից թալանված ոսկյա իրերը. «Ոստիկանություն են դիմել նաեւ «Խորանի» անդամներից` ասելով, որ Խաչատրյանը իրացրել է նաեւ իրենց ոսկեղենը, սակայն չեն կարողացել ապացուցել դա: Իսպանիայի ՄԵԼ-ի անդամների խոսքով` Խաչատրյանն ասել է, թե ոսկեղենը գնել է ինչ-որ անծանոթից»:
Սեւակ Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ ՄԵԼ-ի պայքարի ընթացքում Իսպանիայի ոստիկանությունը սկսել է ուշադրության կենտրոնում պահել Հրաչյա Խաչատրյանի գործունեությունը. «Ոստիկանությունը թարգմանել եւ ընթերցել է նաեւ վերջերս Aravot.am հրապարակած նյութը` ՄԵԼ-ի անդամներից մեկի բնակարանը թալանելու մասին: «Խորանի» անդամներից ասել էին, որ Խաչատրյանը Հայաստան է գալու ոսկեղենի իրացման եւ ՄԵԼ-ից հաշվեհարդար տեսնելու նպատակով, սակայն նրա հանդեպ հարուցվել է քրեական գործ` գողության մեղադրանքով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև