ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կառավարության ծրագրին ծանոթանալուց հետո այսպես կիսվեց տպավորություններով: «Ոգեւորիչ չէ,-ասաց նա,- այն, ինչ որ ակնկալվում էր, այն էլ տեսնում ենք: Այսինքն՝ խոսքերի, խոստումների շարք է, որոնք ինչպես սովորաբար եւ անցյալ ծրագրի դեպքում մնացին անկատար: Այսինքն ակնկալիքներ, որպես այդպիսին, կառավարությունից պետք էլ չէ ունենալ, որովհետեւ մենք լսել ենք նմանատիպ ելույթներ, տեսել ենք ներկայացված ծրագրեր, որոնք փայլուն ծրագրեր են համարվել եւ արդյունքում ունենք շատ ավելի վատ տնտեսական վիճակ, ունենք արտագաղթ, հիասթափություն, հուսահատություն, կեղծված հերթական ընտրություններ եւ ոչ մի բան էլ տեղից չի շարժվում: Այս կառավարությունը ունակ չէ որեւէ բարեփոխում իրականացնելու երկրում: Ընդամենը մի կառավարություն է, որը սպասարկելու է Սերժ Սարգսյանին ընտրությունների ընթացքում եւ ապահովելու է նրա երկրորդ շրջանի նախագահ դառնալու գործընթացը»:
Լյուդմիլա Սարգսյանը հավատացած է, որ կարեւոր չէ, թե ինչ է գրված ծրագրում, կարեւորը՝ իրականանա. «Ծրագրերը միշտ էլ գեղեցիկ ու լավն են լինում նման երկրներում եւ նման կառավարությունների պարագայում, բայց դա չի նշանակում, որ այդ ծրագիրը հաշվարկված է, իրատեսական է ,եւ իշխանությունն ունի այն քաղաքական կամքը, որ կարող է այդ ծրագիրն իրականացնել: Քանի դեռ մեր տնտեսությունը մոնոպոլիցազված է, քանի դեռ քրեաօլիգարխիկ համակարգը մեր երկրում գործում է, նման կառավարությունները պատրաստ չեն ժողովրդին իրենց ծառայությունը մատուցելու եւ նրանց կյանքը բարեփոխելու»:
Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին, ինչը հիմք տվեց կառավարությանը ընդհանրապես ծրագիրը չքննարկելու ՀԱԿ-ի հետ: Այս առնչությամբ տիկին Սարգսյանն ասաց.ր «Ես կասեի կառավարությանն ընդհանրապես հնարավորություն չտրվեց տետ ա տետ առնչվելու ընդդիմության հետ: Ընդամենը դա: Մենք էլ առանձնպես ցանկություն չունեինք այդ ծրագրի շուրջ քննարկումներ ծավալելու, քանի որ գիտեմ, որ դրանք սին խոսքեր են, ձեւական նպատակեր են, ընդամենը շղարշ է, որ ցանկանում են հերթական անգամ քաշել ժողովրդի աչքերին»:
Ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանի խոսքերին, որ եթե կառավարության ծրագիրը լավը լինի՝ ինքն անձամբ կողմ կքվեարկի, Լյուդմիլա Սարգսյանըն ասաց. «Ես կարծում եմ, որ Հրանտ Բագրատյանը նույն կարծիքին է, ինչ որ մենք, բայց ինքը ընդամենը չի շտապել, փորձել է տեսնել ծրագիրը, որից հետո իր կարծիքը կարտահայտի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ