Հունիսի 12-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը հայտնեց, որ 2012 թվականի հունիսի 1-ի դրությամբ մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 164,8 մլն. դրամ կամ հավաքագրվել է նախատեսվածի 71,6 տոկոսը: Սեփական եկամուտների թերհավաքագրված գումարը 65,3 մլն դրամ է: Մարզի 62 համայնքներից 46-ն ունեն սեփական եկամուտների հավաքագրման 22-80 տոկոս ցուցանիշ: Մարզպետ Արմեն Ղուլարյանը նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա 5 ամիսներին համայնքների սեփական եկամուտները 6 միլիոն դրամ ավելի է գանձվել: Սակայն եթե գույքահարկը 20 միլիոն դրամ ավելի է գանձվել, հողի հարկը պակաս է հավաքագրվել 14 միլիոն դրամի չափով: Մարզպետը այս գործը բարելավելու համար գյուղապետերին կոչ արեց սթափվել, հավելելով .
– Մի տեսակ ծուլություն կա բոլորիդ մեջ: Հիմա ձեր ընտրություներն են գալիս: Ես հասկանում եմ, որ տարիներով ձեւավորած կարծիք կա, որ ժողովրդին չանհանգստացնեք, հարկեր քիչ հավաքենք, որ ձեր ընտրությունները լավ անցնեն: Բայց ես խոր համոզմունք ունեմ, որ այդ մոտեցումն իրեն սպառել է, որովհետեւ համայնքներ կան, ուր սեփական եկամուտները 100 եւ ավելի տոկոս հավաքագրվում են, բայց ինչպես միշտ, այդ համայնքապետերը վերընտրվում են:
Ա. Ղուլարյանն ասաց, որ մարզի խոշոր համայնքների ղեկավարներն իրեն խոստացել են , որ կիսամյակի արդյունքներով սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները կաճեն: Նշենք, որ սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 62 համայնքներից 54-ում տեղի կունենան ՏՒՄ ընտրություններ: Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ ՏԻՄ ընտրություների տարում տեղական հարկերն ու տուրքերը դժվարությամբ են գանձվում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ