«Չեմ մեկնաբանում: Ես կարծում եմ, որ դա իրենց իրավունքն է»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը: Գագիկ Մինասյանը ԲՀԿ-ի որոշումը` դեմ քվեարկել կառավարության ծրագրին, այսպես է գնահատում. «Դա քաղաքական ուժի քաղաքական դիրքորոշում է»:
Գագիկ Մինասյանը չի կիսում այն վերապահումները, որոնք ԲՀԿ-ում բարձրաձայնում են եւ որոնք պատճառ են հանդիսացել նման որոշման համար: Թե հետագա քաղաքական զարգացումների առումով ի՞նչ նշանակություն կունենա ԲՀԿ-ի այդ քայլը՝ մեր հարցին, Գագիկ Մինասյանն ասաց. «Դա, ըստ էության, ցույց կտա, որ ԲՀԿ-ն դիրքավորվում է ընդդիմադիր դաշտում: Ես կարծում եմ, որ քաղաքական դաշտում տեղի ունեցող բոլոր գործողություններին պետք է ըմբռնումով մոտենալ»:
Իսկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ ի տարբերություն ԲՀԿ-ի, ՀՀԿ-ն էլ վաղը կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին, քանի որ գտնում է, որ կառավարության ծրագիրը, որի հիմքում ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերն են, ամենամրցունակն է այսօրվա Հայաստանի համար եւ միանգամայն իրատեսական է: ՀՀԿ-ն ստանձնել է քաղաքական պատասխանատվություն եւ կրելու է այն: Հետաքրքրվեցինք՝ ԲՀԿ-ի որոշումն, ըստ Շարմազանովի, զուտ տնտեսակա՞ն հիմք ունի, քանի որ վերապահումներ են մատնանշված, թե՞ քաղաքական ենթատեքստ ունի, ՀՀԿ-ին չի՞ անհանգստացնում ԲՀԿ-ի այդ որոշումը: «ԲՀԿ-ի որոշումը մեզ չի անհանգստացնում, քանի որ ԲՀԿ-ն քաղաքական ուժ է, ինչպես ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը եւ մյուսները: Ես այլ կուսակցությունների որոշումները չեմ մեկնաբանում, դա իրենց իրավունքն է: Իսկ կառավարության ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է»,- ասաց Շարմազանովը: Նա նաեւ «սենսացիա» չի համարում ԲՀԿ-ի այդ որոշումը, քանի որ ԲՀԿ-ն արդեն իսկ հրաժարվել է կոալիցիայի մաս կազմել եւ ինչ-որ առումով սպասելի էր նման կեցվածք. «Ժողովրդի մեծամասնությունը՝ մեկ միլիոն մարդ, ձայն է տվել ՀՀԿ-ին, մենք էլ իրականացնելու ենք այդ մեկ միլիոնի տված վստահությունը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև