Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում օրենքը հետադարձ ուժ ունի

Հունիս 19,2012 17:11

“Փախստականները և միջազգային իրավունքը” քաղաքացիական հասարակության ցանցի հայտարարությունը Փախստականի միջազգային օրվա կապակցությամբ

 Հունիսի 20-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես փախստականի միջազգային օր: Այդ օրը աշխարհի տարբեր երկրների կառավարություններն ու ծանրակշիռ միջազգային կազմակերպությունները խոսում են այն մասին, թե որքան է ավելացել փախստականների թվաքանակը աշխարհում և ով` որքան և ինչ որակի օգնություն է տրամադրել ու տրամադրելու իրենց հայրենի օջախները ստիպողաբար լքած թշվառականներին: Հավանաբար նույնը կլինի նաև այս տարի և չի բացառվում, որ ՀՀ իշխանությունները, ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի գրասենյակը հանդես կգան հաշվետու հայտարարություններով ու հանրությանը կպատմեն, թե որքան շատ բան է արվում Հայաստանում ապաստանած փախստականների համար: Չհավատաք այդ տոնական զեկույցներին, չհավատաք հրեշտակի թևեր առած, բայց փախստականների բարոյական, նյութական և քաղաքական կործանման դուռը բաց պահող այդ մարդկանց:

Իրականությունն այն է, որ 1988-1992թթ. Ադրբեջանում հայության հանդեպ նախաձեռնած էթնիկ զտումների և ցեղասպանության գործողությունների արդյունքում փախստական դարձած ավելի քան կես միլիոն մեր հայրենակիցների ճակատագիրը տնօրինող տեղական և միջազգային տարատեսակ չինովնիկները փորձում են ադրբեջանահայ փախստականների խնդիրը լուծված ներկայացնել, փորձում են ցույց տալ, թե ինչպիսի արդյունավետությամբ է ընթանում նրանց “ինտեգրման” գործընթացը Հայաստանում: Գործն այնտեղ է հասել, որ խորհրդարանական ընտրություններին նախորդող քարոզչական հանդիպումներից մեկի ժամանակ պարոն Սերժ Սարգսյանը` “Ինչի, Հայաստանում դեռ փախստական կա՞” հռետորական հարցն է տվել իրեն` փախստականների հիմնախնդիրները լուծելու առաջարկով դիմած փախստականներին, ավելացնելով, որ Ադրբեջանի իշխանություններն են, որ պետք է փոխհատուցեն ադրբեջանահայերին հասցված վնասները: Փաստացի, Հայաստանի պետական քաղաքականությունը մերժում է հայ փախստականների իրավունքների ու շահերի պաշտպանության անհրաժեշտությունը: Սա անընդունելի է: Ակնհայտ է, որ միայն Հայաստանի կողմից այս հարցի պաշտոնական արծարծումը և համարժեք գործողությունների նախաձեռնումը կարող է հարցի լուծմանը հանգեցնել, բայց մեր իշխանությունները զլանում են իրենց “ավելորդ” նեղություն տալ: Իրենց որդեգրած հարազատ ոճը այլ բան է նախատեսում` փախստականների համար բնակարանների անորակ շինարարությանը տրամադրված գումարների մսխում, որի համար հավասարապես պատասխանատու են մեր և միջազգային չինովնիկները, փախստականներին ՀՀ քաղաքացիություն ընդունելու պարտադրանք, դրամաշորթություն` օրենքով հասանելիքը տրամադրելու համար: Բանն այնտեղ է հասել, որ ՀՀ կառավարությունն ու խորհրդարանը ձեռք-ձեռքի տված փախստականների հետ կապված օրենսդրությանը հետադարձ ուժ են տալիս` նախկինում օրենքով փախստական ճանաչված անձանց մեկ այլ օրենքով զրկելով փախստականի կարգավիճակից, շատ անգամ դրա մասին նույնիսկ չտեղեկացնելով մարդկանց: Եվ սա պարզ կամայականություն չէ` սա այլ ոլորտներում տապալված քաղաքականության բացերը փակելու միջոց է:

Ասում եք` պետք է հավատանք, որ փոխենք: Փոխվեք, որ հավատանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930