Այսուհետ Վանաձորից Երեւան եւ հակառակ ուղղությամբ ճանապարհ ընկնող բնակիչները ստիպված են նախկին 1200 դրամի փոխարեն վճարել 1400 դրամ:
Բնակիչների գրպանի պարունակության 200 դրամի նվազման պատճառը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության` այս տարվա հունիսի 12-ին հաստատած հրամանն է:
Դեռ այս տարվա մայիսի 29-ին, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումները իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային հանձնաժողովի նիստում, «Ոսկեթև» ՍՊ ընկերությունը խնդրել էր ներկայացված հիմնավոր հաշվարկների հիման վրա իրենց սպասարկմանը հանձնված Վանաձոր–Երեւան-Վանաձոր եւ Երեւան-Վանաձոր-Երեւան միջմարզային միկրոավտոբուսային երթուղու մրցույթով արձանագրված 1200 դրամ փոխադրավարձը բարձրացնել և սահմանել 1500 դրամ:
Նիստում արձանագրված որոշման համաձայն, սակայն, արդեն երեկվանից նախարարության հրամանով ՀՀ Երևան-Վանաձոր- Երևան եւ Վանաձոր-Երեւան -Վանաձոր միջմարզային միկրոավտոբուսային երթուղու փախադրավարձը սահմանվել է 1400 դրամ:
Կարդացեք նաև
«Մենք սպասարկող կազմակերպություն ենք, մեզնից բան կախված չէ, ոնց որոշում են, այդպես էլ անում ենք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վանաձորի ավտոկայանի պետ Սահակ Ռուբենյանը:
Նա կարծիք հայտնեց, որ նման որոշման պատճառը հնարավոր է պայմանավորված լինի դիզվառելիքի գների թանկացմամբ:
«Ինչն էր էժան, էս էլ թանկացավ, կոտորում են ժողովրդին»,-ասում է Վանաձորի բնակիչներից մեկը:
«Փոխանակ էժանացնեն, թանկացնում են, 700 դրամ թող դարձնեն, որ մարդիկ կարողանան քաղաքից քաղաք գնալ», -իր դժգոհությունն է արտահայտում վանաձորցի Անահիտ Բաբայանը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ