Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Ես պատիվ չեմ ունեցել Ռուբեն Հայրապետյանի հյուրը լինելու»

Հունիս 19,2012 16:25

 «Եթե մենք գործ ունենք Ռուբեն Հայրապետյանի հետ, եւ նրան պատկանող «Հարսնաքար» համալիրի մասին է խոսքը գնում, ապա զարմանալի ոչինչ չկա: Մեր երկիրը շարունակում է մնալ բեսպրեդել, օլիգարխների ամենաթողության տակ, ժողովուրդն անպաշտպան է, եւ նույնիսկ բժիշկները, որոնք վստահ եմ, որ խաղաղ մարդիկ են եղել եւ ոչ մի բան չեն արել, այսօր նրանց զոհն են»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսպես մեկնաբանեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկված բժիշկների միջադեպը:

Նրա խոսքերով` «Ոչ մեկը Հայաստանում ապահովագրված չէ, որ նման բեսպրեդելից կարող է խուսափել: Ոչ միայն արտառոց բան չեմ տեսնում, ցավում եմ, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ մարդու իրավունքները ամեն վայրկյան ոտնահարվում են, եւ դա շարունակական բնույթ է կրում: Ամեն մի նոր ընտրությունից հետո մենք համոզվում ենք, որ գործող իշխանությունը վերափոխման ոչ միայն հնարավորություն չունի, այլեւ ցանկություն չունի: Երբ նայում եմ Հանրապետական կուսակցության ցուցակը, ամոթի զգացում եմ ապրում, որ այդ ցուցակը կազմված է մարդկանցից, որոնք այսօր նման վարքագիծ են դրսեւորում»:

ՀԱԿ-ն այսօր ԱԺ-ում նույն տանիքի տակ է այդ ցուցակի մարդկանց հետ, ցանկացած սուր խոսքից, քննադատությունից սպասելի չէ՞, որ նմանօրինակ արդյունքներ կարող են լինել` մեր հարցին, տիկին Սարգսյանը պատասխանեց. «ՀԱԿ-ին այսօր վախեցնելն առնվազն միամտություն է: Մենք այսօր նույն կտուրի տակ ենք` միայն մեր պայքարը շարունակելու եւ այդ ամբիոնն օգտագործելու համար: Ոչ մի Ռուբեն Հայրապետյան, ոչ մի Սամվել Ալեքսանյան մեզ համար սարսափելի չեն այնտեղ»:

Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե տիկին Սարգսյանը երբեւէ եղե՞լ է «Հարսնաքարում»: Նա պատասխանեց. «Ես պատիվ չեմ ունեցել Ռուբեն Հայրապետյանի հյուրը լինելու: Մեր յուրաքանչյուր գիտակից քաղաքացի, եթե մի տեղ է գնում, նախեւառաջ պիտի ճշտի, թե այդ օբյեկտը, տվյալ համալիրն ում է պատկանում եւ ինչ կարող է իրեն այնտեղ սպասել: Առավել եւս` նաեւ չօժանդակել նրանց բիզնեսի զարգացմանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930