«Դա միանշանակ վանդալիզմ է, եւ կրկնակի ծանր է, որովհետեւ ամեն օր սահմանից լուր ենք լսում: Այն, ինչ կար կայքերում, ես սարսափելի ծանր եմ տարել: Այդ ցավի զգացումը կրկնակի է, որովհետեւ հենց մեր երկրում, հենց մեր հայը այդպիսի անմարդկային ձեւով կարող է ծեծի ենթարկել երիտասարդ բժիշկների: Ուղղակի սարսափելի է, որ հայը կարող է հայի վրա ձեռք բարձրացնել ու կարծում եմ, որ իմաստություն կցուցաբերի Հայրապետյանը, եթե պատժի այդ ծեծողներին, այսինքն պարտավոր է ուղղակի, այլ կերպ անել չի կարող, միանշանակ: Առաջինը պետք է ինքը անի այդ քայլը, ինձ թվում է, դա ամենաճիշտ կեցվածքը կլինի: Ինձ համար նման բաներն անթույլատրելի են, հատկապես, երբ խոսքը գնում է մարդկանց մասին, որոնք կյանք են փրկում, փրկում են մեր զինվորներին: Ի՞նչ ասեմ, ոչինչ չեմ կարող ասել»:
Մեր հարցին` մտավախություն չկա՞, որ այս դեպքը մյուս դեպքերի նման կկոծկվի, մեղավորները չեն պատժվի, թե՞ հասարակությունը կարող է ճնշել` Շուշան Պետրոսյանը պատասխանեց. «Նախ շատ լավ է, որ հասարակությունն ակտիվ է, բայցեւայնպես, հասարակության մաս են կազմում նաեւ պատգամավորները, եթե հարցը բարձրացվի ԱԺ-ում, ես իմ կողմից ճնշումը կգործադրեմ, որ մեղավորները պատժվեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ