«Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատողների կողմից ծեծված բժիշկներից մեկի` մայոր Վահե Ավետյանի վիճակը շարունակվում է ծայրահեղ ծանր մնալ: Այսօր Aravot.am-ը առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց, թե չե՞ն պատրաստվում միջամտել, օգնություն ցուցաբերել: Նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը պարզաբանեց, որ կառավարության որոշմամբ` իրենք իրավունք չունեն որեւէ օգնություն ցուցաբերել, քանի որ այդ բժիշկների օգնությունը պետք է կազմակերպվի զինվորական համապատասխան ռազմաբժշկական հաստատություններում. «Եթե կարիք է լինում, սովորաբար իրենք ուղեկցում, բերում են, մենք ցանկացած բուժօգնություն ցուցաբերում ենք: Այդպես է արվում նաեւ ցանկացած զինծառայողի դեպքում: Բայց մենք օրենքով իրավունք չունենք միջամտելու, քանի դեռ իրենք չեն դիմել մեզ: Ռազմաբժշկական հաստատություններն իրենց ստատուսով զորամասեր են: Ոչ մի տեղեկություն չունենք, թե ինչպես է այդ բժիշկների վիճակը, իրավունք էլ չունենք մտնենք, իմանանք: Սպասում ենք իրենց դիմումին, որ քաղաքացիական բուժհիմնարկներում օգնություն ցույց տանք: Եթե մեզ դիմեն` մենք պատրաստ ենք կազմակերպել: Մեզ ոչ ոք չի դիմել»:
Պարոն Քրմոյանը նաեւ տեղեկացրեց, որ ծեծված բժիշկների մասին զեկուցել են նոր նախարար Դերենիկ Դումանյանին: Վերջինս ասել է, որ «պատրաստ ենք աջակցել, եթե իրենք մեզ կդիմեն, եթե ոչ` չենք կարող»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ