«Ամենից շատ ինքնասպանությունները քրիստոնյաների մոտ են լինում,
Հայաստանն այս առումով ավելի մոտ է իսլամական երկրներին, նախ՝ որովհետեւ մեզ մոտ պահպանվում են քրիստոնեական արժեքները, բացի այդ՝ կյանքը գերագույն հաճույք է, այն մեզ Աստված է տվել ու միայն նա իրավունք ունի խլել»,- ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով ինքնասպանությունների մասին:
Ըստ սոցիոլոգի՝ եթե այսօր Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանում 100 000 բնակչից 25-35 հոգին է ինքնասպանություն գործում, Հայաստանում՝ 100 000 բնակչից՝ 2-6-ը: Տարեկան երկրագնդի վրա 1 մլն 200 հազար մարդ կյանքը վերջացնում է ինքնասպանությամբ. Սրա պատճառներն էլ, ըստ սոցիոլոգի, ուսումնասիրված են. առաջինը՝ պատժից խուսափելն է, երկրորդը՝ լուծել տնտեսական հարցեր, ապա կա իղձերի խնդիրը, չկիսված սերը եւ այլն:
«Շատերը կյանքից գերհագեցած վիճակի պատճառով են ինքնասպան լինում, սա այն դեպքն է, երբ կարծում են, որ էլ ոչինչ չկա կյանքում անելու եւ կյանքն այլեւս անիմաստ է: Հայաստանում հաճախ 40-50 տարեկանների մոտ ինքնասպանությունների պատճառը հետեւյալն է՝ ծնողը գալիս է տուն, երեխաները սոված նայում են գրպանին… Ամեն դեպքում պետք է մթնոլորտ ստեղծել, որ կյանքը գերագույն հաճույք է»,-ասաց Ադիբեկյանը՝ ներկայացնելով վիճակագրական տվյալներ: Հայաստանում ինքնասպանությունների թիվն այս տարի եղել է 195, նախորդ տարի՝ 212-220, այսինքն՝ 13 տոկոս նվազել է, ինչն էլ, ըստ սոցիոլոգի, «նշանակում է՝ այնքան էլ վատ չենք ապրում»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին, ապա Ադիբեկյանը գտնում է, որ անընդհատ ցուցադրվող նյութերը, գրվող, տարածվող լուրերը հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվողին առիթ են տալիս համտեսել ինքնասպանության մանրունքներն ու գնալ այդ քայլին. «ԶԼՄ-ներից շատ բան է կախված: Իսկ սովորաբար մարդիկ երեք փսիխոսեքսուալ ստատուս ունեն՝ ռոմեոներ են, դոնժուաններ եւ կազանովաներ: Ավելի շուտ ինքնասպան են լինում ռոմեոները, նրանք կյանքում սիրահարվում են մեկ անգամ ու շատ խորը, անվերապահորեն եւ երբ սերը կորցնում են, կյանքը կորցնում է իմաստը: Ամենից հեշտը դոնժուանների մոտ է, օրական 10 անգամ կարող են սիրահարվել ու խնդիր չկա, իսկ կազանովաների պարագայում նման բաներ չեն լինում: Բայց եթե ամեն մեկն իմանա իր երեխայի, հարազատի, սանիկի փսիխոսեքսուալ ստատուսը՝ այս խնդիրը կլուծվի, ինքնասպանության չի լինի»:
Ադիբեկյանը տղամարդկանց խորհուրդ տվեց ուշադիր լինել կանանց նկատմամբ հատկապես ծննդաբերությունից, աբորտից հետո, ամսականի ժամանակ, որովհետեւ վերջիններն, ըստ նրա, այս ընթացքում ավելի շատ են ինքնասպանություն գործում:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ