Կառավարության պահուստային ֆոնդից 720 մլն դրամ է հատկացվել Սյունիքի մարզին` առկա հրատապ հիմնախնդիրների լուծման համար: Նախապես ուսումնասիրվել էին հարավային մարզի համայնքներում առաջնահերթ լուծման կարիք ուենցող խնդիրները եւ ներկայացվել կառավարություն: Որոշ աշխատանքներ արդեն մեկնարկել են:
Հատկացված գումարի շրջանակներում Մեղրիում, Ագարակում, Գորիսում, Սիսիանում եւ Կապանում նախատեսվում են իրականացնել ասֆալտապատման աշխատանքներ, Կապանի թիվ 6 դպրոցում նոր լուսամուտների տեղադրում` ձմռանը խիստ օրերին ցածր ջերմաստիճանի առկայությունից խուսափելու համար: Նորոգման աշխատանքներ կիրականացվեն Կապանի արվեստի պետական քոլեջի համերգային դահլիճում: Կնորոգվեն մարզկենտրոնի անմխիթար վիճակում գտնվող 10-ից ավելի բազմաբնակարան շենքերի տանիքները: Պահուստային ֆոնդից հատկացված 720 մլն դրամից գումարներ կծախսվեն Գորիսի Վերիշեն գյուղի խմելու ջրի ցանցի նորոգման համար, ինպես նաեւ Գորիսի թիվ 5 դպրոցի ջեռուցման համակարգի կառուցման, Խնձորեսկի դպրոցի մարզադահլիճի նորոգման եւ այլ աշխատանքների համար: Պահուստային ֆոնդի միջոցներով մի շարք աշխատանքներ են նախատեսված նաեւ Սիսիանի եւ Մեղրու տարածաշրջանների համայնքներում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև