Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հարսնաքարում» ծեծել են ոչ թե 2, այլ` 3 բժշկի

Հունիս 19,2012 15:22

 

«Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված զինվորական բժիշկ, ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին այս գիշեր եւս մեկ անգամ վիրահատել են: Այս մասին այսօր Aravot.am-ին ասաց Մուրացանի ռազմաբժշկական հոսպիտալի վերակենդանացման բաժնի պետ, բուժծառայության փոխգնդապետ Հայկ Անտոնյանը: Նրա խոսքերով` «Այս գիշեր ավելի մեծ ծավալով վիրահատություն ենք կատարել` մնացորդային օջախները մաքրվել են: Սակայն Վահեի վիճակը մնում է ծայրահեղ ծանր»:

Իսկ մյուս տուժածի` պաշտպանության նախարարության կապիտան, զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանի առողջական վիճակն էլ մնում է կայուն ծանր:

Բժիշկ Հայկ Անտոնյանի փոխանցմամբ, նախօրեին «Հարսնաքարի» դեպքերի հետ կապված, այսօր եւս մեկ տուժած է ավելացել`կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը, որը հենց առաջին օրը ուղղակի տուն է գնացել, չի դիմել բժշկի, սակայն այսօր պարզվել է, որ նա ուղեղի շատ ուժեղ ցնցում է ստացել:

ՀՀ պաշտպանության նախարարությունից Aravot.am-ին տեղեկացրին, որ գործը ոստիկանությունից տեղափոխվել է ՊՆ քննչական ծառայություն:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 17-ին, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, որի անվտանգության աշխատակիցները բժիշկներին դաժան ծեծի են ենթարկել` սպորտային հագուստով ռեստորան մտնելու համար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930