«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի առաջին սաները, թվով 27 դպրոցականներ և ուսանող-երիտասարդներ, ովքեր հունիսի 6-ից պեղումներ են իրականացնում դպրոցի ուսումնական պեղավայրում, վաղը` հունիսի 20-ին կիրականացնեն վերջին պեղումները:
Էրեբունի ամրոցի միջնաբերդի մի հատվածի կրկնօրինակով վերստեղծված հնավայրում պատանի հնագետները 1-ին գործնական քայլերը հնագիտության բնագավառում իրականացրել են պայմանական A և B քառակուսիներում ու կարողացել են հնագիտական միջամտությունների միջոցով հողածածկ հնավայրից լույս աշխարհ բերել ուրարտական խեցեղենի և որմնանկարների նմուշներ, հայտնաբերել են ամրոցի տնտեսական հատվածը` սալապատ հատակով, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների ոսկորների մնացորդներ, տարողունակ կարասներ, սեպագիր արձանագրություն և այլն: Նրանք սովորել են, թե ինչպես պետք է պահպանության հանձնելուց առաջ դասակարգել բացահայտված գտածոները և կազմել դրանց նկարագրությունները:
Պեղումների ընթացքում սկսնակները հնարավորություն են ունեցել դիտել նաև հայ-ֆրանսիական արշավախմբի պեղումները և իրենց կողմից կիրառվող միջամտությունների մեթոդը «համեմատել» պրոֆեսիոնալների աշխատանքի հետ:
Վերջին պեղումները պատանիները կիրականացնեն հունիսի 20-ին`ժամը 16:30-20:15-ի ընթացքում: Իսկ հունիսի 21-ին նախատեսվում է ուսումնական հնավայրի «կոնսերվացումը»: «Պատանի հնագետ» դպրոցի 2-րդ դասընթացը նախատեսվում է 2013թ. մայիս ամիսին:
Կարդացեք նաև
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարան