Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և ճարտարապետ Լևոն Իգիթյանն այսօր խոսեցին հասարակական վայրերում մարմնավաճառների ազատ գործունեության մասին: Մշակութային երկու գործիչներն էլ դատապարտեցին այդ երևույթը: Նրանք մատնանշեցին նաև այն հանգամանքը, որ մարմնավաճառության «ծաղկումը» ձեռնտու է շատերին:
Ռուբեն Բաբայանը վրդովված նշեց. «Հասարակական վայրը բոլորիս տունն է: Ուստի բոլորն էլ իրավունք ունեն պահանջել, որպեսզի այդ վայրերում արգելվի նման այլասերվածության տարածումը»:
Պարոն Բաբայանը կարծում է, որ հարցի չլուծվելը որոշ մարդկանց ձեռնտու է և մանրամասնում. «Եթե հարցը չի լուծվում, ուրեմն այն չի լուծվում գիտակցաբար, քանի որ տալիս է ֆինանսական հոսք»: Ռ. Բաբայանն իր ասածը հավաստող մի դրվագ պատմեց. «Ես համացանցով տեսել եմ մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են բերում մարմնավաճառին ոստիկանություն, և նա հանվում է»:
Կարդացեք նաև
Պայքարի միակ տարբերակը պարոն Բաբայանը համարում է հետևյալը. «Մինչև մենք չհասնենք այն գիտակցության, որ հասկանանք՝ մշակույթը ոչ թե մի քանիսի հավեսի գործն է, այլ հասարակական անհրաժեշտություն, այս հարցերը չեն լուծվի: Մշակույթը հասարակության ատամի մածուկն է»:
Լ. Իգիթյանն էլ պատմեց. «Իմ աչքով գիշերը Մանկական այգում տեսել եմ բալետի պաչկայով, քսմսված տղամարդկանց: Ինձ զգուշացրին, թե նրանք ագրեսիվ են՝ գործ չունենամ: Փոխանակ հողի տակ մտնեն, չերևան, դեռ մի բան էլ իրենք են ագրեսիվ… Այս հարցը կլուծվի, եթե բոլոր հասարակական հավաքատեղիները մինչև ուշ գիշեր լինեն լավ լուսավորված»:
Լ. Իգիթյանը անդրադարձավ նաև հարցի բարոյական կողմին այս տեսանկյունից. «Եթե այդպիսի վարք ունեցողի երեխային հարցնես մամադ ինչ է աշխատում, ի՞նչ պիտի անի, պիտի ասի՝ պրաստիտուտկա: Ախր դեգեներատները, որ սեքսուալ պահանջներ ունեն, անպայման պիտի փողը տան, որ նոր բավարարվեն, դրա համար կա սիրուհի հասկացությունը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ