Այս տարի Հայաստանում կարտոֆիլի ու կաղամբի ավելցուկ է: Այսօր «Հայելի» ակումբում ահազանգում էին Դարակերտ համայնքի ֆերմերները ու առաջարկում կառավարությանը արտահանման հարցում աջակցել:
Ֆերմեր Վարուժան Խոդեդանյանի խոսքերով, իրենց համայնքում մոտ 150 հա կարտոֆիլ է ցանվել ու մինչեւ օգոստոս կունենան 5000 տոննա կարտոֆիլ, մոտ 20 հա կաղամբ.« Էժանությունից չենք դժգոհում, թե էժան է վաճառվում, այլ դժգոհում ենք, որ իրացման խնդիր կա»:
Նրա խոսքերով, եթե իրացման հարցում աջակցություն չստանան, ապա հողի մեջ մեծ քանակությամբ կարտոֆիլ է մնալու ու գյուղացին մեծ քանակի բերքի կորուստներ է ունենալու. «Կաղամբը դաշտերում է մնացել, շուկայում 15-20 դրամով չի վաճառվում, իսկ արտահանման մասին էլի չեն մտածում: Գյուղնախարարությունը հետեւողական պետք է լինի, եթե կա կարտոֆիլի ավելցուկ, կարելի է զբաղվել դրանով, արտահանել դուրս, նորմալ չափը թողնել Հայաստանի համար: Այսօր գյուղացին պարարտանյութեր, ոռոգման ջրի վարձ, բանկի տոկոսներ, չգիտենք ինչ կդառնա այս տարի գյուղացու վիճակը»:
Հարցին, թե ինչո՞ւ այլ կուլտուրաներ գյուղացիները չեն զարգացնում, պարոն Խոդեդանյանը բացատրեց՝ հացահատիկը եկամտաբեր չէ, գյուղացին էլ ստիպված էլի կարտոֆիլն ու կաղամբն է ընտրում. «Ու ամեն տարի նույն տեղում կաղամբ, կարտոֆիլ , մի 10-20 տարի հետո հող չենք ունենա, լրիվ կենթարկվեն էրոզիայի »:
Կարդացեք նաև
Ֆերմեր Արթուր Դեմիրճյանն էլ դժգոհեց գյուղնախարարության աշխատանքից. «Գյուղերում, գյուղապետարաններում գյուղատնտես չկա, որ գնաս գյուղատնտեսից գոնե մի խորհուրդ հարցնես: Գյուղացին ոչ մի կողմից օգնություն չունի»:
Գյուղնախարար Սերգո Կարապետյանի հայտարարությունների առնչությամբ էլ, թե Հայաստանում կան բարենպաստ պայմաններ այլ կուլտուրաների զարգացման համար, պարոն Դեմիրճյանն ասաց. «Գյուղնախարարությունը թող մասնագետ ուղարկի, գա ասի՝ գիտեք ձեր տարածքում կարող եք գրեչկա ցանել , գնանք գրեչկա ցանենք, թող գան ցույց տան՝ ոնց են գրեչկա ցանում, կարտոֆիլ չենք ցանի, յոնջա կցանենք: Ո՞ր է, ոչ ոք չի երեւում»:
Պարոն Դեմիրճյանը նաեւ դժգոհեց , որ գյուղում կարտոֆիլը 60 դրամ է, իսկ շուկայում 150 դրամ.«Անհասկանալի է մեզ, շուկա չկա» :
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ