Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր ինֆեկցիոնիստ. տարբեր շուկաներում անհասկանալի կանայք խմորեղեն են վաճառում՝ ճանճերի հետ միասին

Հունիս 19,2012 14:36

Ամռանը պետք է ձմեռային սննդակարգը մոռանալ, չալաղաջներից ու կրեմով խմորեղեններից ցանկալի է մի քիչ հեռու մնալ: Այսօր «Հենարան» ակումբում խորհուրդ տվեց հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը եւ ավելացրեց` ամեն երեկոյան այդ հրաշագործ մածունը խմեք:

Նրա խոսքերով` եթե մարդիկ ճիշտ սնվեն, հետեւեն սննդի պիտանիության ժամկետին, թունավորումներ չեն լինի:

Արա Ասոյանը հորդորեց բացօթյա սննդի կետերից խուսափել, եւ հատկապես պայքարել խանութների այն վաճառողուհիների դեմ, որոնք հիգիենայի կանոնները չեն պահպանում. «Բացի սուպերմարկետներից, մնացած շատ խանութներում, ցանկացած սննդատեսակ… այդ վաճառողուհիները մի հատ մատը լավ թքում են, հետո ձեր գնած հացը կամ երշիկը դնում են տոպրակի մեջ: Ինչո՞ւ չեք ըմբոստանում դրա դեմ, պահանջեք կողքը դնի թրջած սպունգ, որ մարտը այնտեղ թրջի, ոչ թե թքի: Զարմանում եմ, տարբեր շուկաներում, Վերնիսաժում անհասկանալի կանայք` այդ պոդնոսներով, խմորեղեն են վաճառում ճանճերի հետ միասին: Ոստիկանական մեթոդներ պետք չեն, պարզապես պետք չէ գնել այդ սննդամթերքը»:

Մեր հարցին, արդյոք սննդի բացօթյա առեւտրի վերահսկողությունը ուժեղացնելու կարիք չունի՞, պարոն Ասոյանը վստահեցրեց` սննդի անվտանգության ծառայությունը շատ էլ լավ է աշխատում.« Եթե վատ աշխատեր, մեր հիվանդանոցում այսօր 5-10 հազար հիվանդ կլիներ` թունավորումով: Այսօր նման ոչ մի դեպք չունենք»:

Բժիշկը նաեւ խորհուրդ տվեց մաքուր շշալցված ջուր խմել, օրական առնվազն 1-1.5 լիտր, բայց հանքային ջուր աշխատել չխմել: Հարցին էլ՝ գազավորված ըմպելիքներից կոկա-կոլա՞ էլ չխմել, պարոն Ասոյանը դեռ մի բան էլ խորհուրդ տվեց հետեւել այն երկրներին, որտեղ մեծ քանակությամբ կոլա են օգտագործում. «Թող խմեն, ճաշակից է… ամբողջ աշխարհը խմում է, մենք էլ խմենք, ինչո՞ւ չէ, դրանից թունավորում չենք ունեցել»: Մեր դիտարկմանն էլ, որ ամբողջ աշխարհում նաեւ պայքարում են դրա դեմ, քանի քիմիական նյութեր է պարունակում եւ արդեն ապացուցված է, որ առողջությանը վնասակար է, հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստն ասաց. «Մենք էլ ենք պայքարում…վնասակարությունը առանձին թեմա է, ինձ չի վերաբերում: Համենայնդեպս ամբողջ աշխարհը խմում է, թող խմեն չափավոր, ես ինքս մեր մրգայինն եմ գերադասում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930