Հունիսի 16-ին Մառնեուլի շրջանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումների ժամանակ որպես փորձագետ հանդես եկած Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության «Բիզիմ յոլ» (թագմանաբար՝ «Մեր ուղին») թերթի լրագրող Նաթիգ Ջավադլին ասաց. «Հայաստանում եւ Ադրբեջանում ղարաբաղյան թեման դարձել է կառավարությունների մենաշնորհը: Թեեւ Հայաստանում կա քաղաքական ինստիտուտ՝ խորհրդարան, որտեղ քննարկվում է այդ հարցը: Ղարաբաղյան հարցով Ադրբեջանում վերջին անգամ հանրային քննարկում եղել է 2001թ.: Ադրբեջանն ունի կենցաղային խնդիրներ, սակայն գլխավոր խնդիրը Ղարաբաղն է»:
Ադրբեջանցի լրագրողը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել, երբ երկու երկրներում ձեւավորվեն ժողովրդավարական, լեգիտիմ կառավարություններ, որ միջազգային հանրությունը պետք է նպաստի երկու երկրների ժողովրդավարացման գործընթացին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ