Այսօր «Էրեբունի պլազայում» «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ Հայաստանի յոթ մանկատների 30 սաներին հանձնվեց 300.000-ական դրամ պարգեւ: Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանն ասում է` այս ծրագիրը իրականացվում է արդեն չորրորդ անգամ. «Տարիներ շարունակ Կարեն Կարապետյանը իր աշխատավարձը տրամադրում է բարեգործական ծրագրերին: Կարապետյանների ընտանիքը հույս ունի, որ այս գումարը կնպաստի հասարակությանը ինտեգրվելուն»:
Գավառի մանկատան շրջանավարտ Սոնա Քոչարյանը այդ գումարով պատրաստվում է գնել համակարգիչ: Ասում է՝ ցանկանում է դառնալ լրագրող. «Շատ եմ սիրում հեռուստատեսությունը եւ ունեմ ասելու շատ բան»: Աղջիկը նպատակ ունի ընդունվել ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետ եւ արդեն հանձնել է երկու քննություն:
Գավառի մանկատան փոխտնօրեն Համլետ Բեսալյանի խոսքով, կյանք մտնող երեխաներին սա մեծ օգնություն է: Այս մանկատնից գումար ստացել է վեց շրջանավարտ: Փոխտնօրենը հավաստիացնում է` այդ երեխաները միշտ իրենց ուշադրության կենտրոնում են գտնվելու:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ