Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդի մանկական խաղահրապարակի տարածքը վաճառվել է, բնակիչները բողոքում են երկրի նախագահին

Հունիս 19,2012 14:13

Տավուշի մարզի Բերդ քաղաքի 168 բնակիչներ նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, հայտնելով, որ 1979թ. շահագործման հանձնված Մաշտոցի 26 բազմաբնակարան շենքին հարող տարածքում ժամանակին քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն կառուցված պուրակը (ուր կա 32 եղեւնի, ծաղկանոց, 2 զրուցարան, 2 մանկական կարուսել) քաղաքի միակ վայրն է, ուր երեխաները միջոցառումների են մասնակցում, խաղում:

1990 թվականից սկսած, տարբեր քաղաքապետերի «օրոք» անօրինական կերպով՝ խաղահրապարակի ցանկապատերը կոտրելու միջոցով, փողոցի մայթին եւ 1400 քառակուսի մետր կանաչապատ խաղահրապարակում տեղադրվել են տարբեր չափերի ու ձեւի փայտյա եւ երկաթե կրպակներ: Ամեն տարի գարնանը այդ շենքի բնակիչներն առանց քաղաքապետարանի աջակցության կատարում են այգու սանմաքրման, կանաչապատման եւ ներկելու աշխատանքներ:

2011թ. ամռանը Բերդի ավագանու անդամ, գործարար Մհեր Մեջլումյանի ֆինանսավորմամբ եւ շենքի բնակիչների ջանքերով բակ-մանկական խաղահրապարակում տեղադրվեցին եւ նորոգվեցին կարուսելներ, զրուցարան-տաղավարներ, ճոճանակներ, ճեմուղիները խճապատվեցին: Այդ ժամանակ շենքի բնակիչները նամակով դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին եւ Բերդի քաղաքապետ Անդրանիկ Շառյանին, որպեսզի բակ-խաղահրապարակի ցանկապատը վերականգնվի եւ կրպակները տեղափոխվեն այլ վայր: Սակայն բնակիչների նամակն ուշադրության չի արժանացել, իսկ 2012թ. հունվարի 30-ին Բերդ համայնքի ավագանին քաղաքապետի առաջարկով հավանություն է տվել մանկական խաղահրապարակի տարածքի օտարմանը:

Բնակիչները բողոքում են, որ այդտեղ կրպակների փոխարեն կառուցվելու են խանութներ, որի հետեւանքով բազմաբնակարան շենքի առաջին եւ երկրորդ հարկերի բնակիչները զրկվելու են արեւից եւ լույսից, քաղաքի երեխաները՝ խաղահրապարակ, իսկ շենքի բնակիչները՝ բակ ունենալուց:

Բերդի բնակիչները Սերժ Սարգսյանին գրել են. «Ո՞ւմ թույլտվությամբ են հատվելու 33 տարվա գեղեցիկ եւ փարթամ եղեւնիները: Դուք, մեծարգո նախագահ, մասնակցում եք բակերի կարմիր ժապավենների կտրման արարողություններին: Ինչո՞ւ սահմանամերձ համայնքում չի իրականացվում նման ծրագիր, այլ եղածը վաճառվում է»:

Բնակիչները նամակով դիմել են նաեւ «Առավոտի» թղթակցին: Եղանք սահմանամերձ Բերդում: Մաշտոցի 26 շենքի բնակչուհի Անուշ Մակեյանն ասաց. «Ես 4 բալիկ ունեմ, այս այգում են մեծացել, մաքուր եւ ապահով վայր է, այն վերանորոգել, կարուսելներ ենք սարքել: Բերդում ոչ մի շենքի մոտ նման տարածք չկա, մեր շենքի բնակիչներով ծաղկանոց ենք սարքել, խնամում ենք: Այստեղ խանութներ սարքելով՝ շենքի լուսավորությունը կխախտվի, մեր շենքի 5-6 բնակիչ, այդ թվում՝ մեր ընտանիքը, տաղավար ունենք, սակայն համաձայն չենք, որ սեփականաշնորհվի, այստեղ տարածք չենք վերցնելու, ուզում ենք հանգստի գոտի լինի, եղած կրպակներն էլ հանվեն, կրկին տարածքը կանաչապատվի»:

Բերդի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Ռոզա Մնացականյանն ասաց. «Բերդի երեխաների համար հանգստի գոտի չկա, սա միակ տեղն է: Եթե այստեղ խանութներ կառուցեն, դրանք կլինեն երկհարկանի, շենքի առաջին եւ երկրորդ հարկերի բնակիչներն առանց արեւի լույսի են մնալու, ո՞ վ իրավունք ունի մեր երեխաների արեւը կտրի: Բերդում շատ խանութներ կան, յուրաքանչյուր բնակչին մի խանութ է հասնում, մեծ խանութներ են գործում, որտեղից մարդիկ օգտվում են: Նոր խանութների կարիք չկա»:

Մաշտոցի 26-ի բնակչուհի Ժենյա Կարապետյան. « Մեր շենքի տղամարդիկ խաղահրապարակը բարեկարգել, կառուցապատել են, եռակցել են, նյութեր են բերել, կանայք էլ ծաղիկները ջրում, մշակում, երեխաներին հսկում են: Բերդում սա միակ այգին է: Քաղաքի տարածքը լրիվ վաճառել են, երեւի փողի կարիք ունեն» :

63-ամյա Լաուրա Ղալեչյանն ասաց, որ 42 տարի այդ շենքում է բնակվում, 4-րդ հարկից դույլով ջուր է կրում, խաղահրապարակի ծաղիկները ջրում: Երվանդ Ղալեթյանը հայտնեց, որ դիմել են Բերդի քաղաքապետարան, որպեսզի խաղահրապարակի տարածքը չսեփականաշնորհվի, սակայն պատասխան չեն ստացել: Բերդի բնակիչ Վոլոդյա Մելիքյանն ասաց, որ այդտեղ աղբի բույն է եղել, որ ինքը աճուրդով տարածք է ձեռք բերել, խանութ է կառուցելու: Մեր հարցերին պատասխանելով՝ ասաց, որ տարածքի աճուրդային վաճառքի մասին թերթից չի տեղեկացել, այլ՝ քաղաքապետարանի աշխատակցից, տարածքում 20 քառակուսի մետր ձեռք բերելու համար Վոլոդյան 25 հազար դրամ է մուծել: Բերդի կենտրոնում նման գինը խիստ կասկածահարույց է:

Բերդի քաղաքապետ Անդրանիկ Շառյանին հարցրեցինք, թե ինչո՞ւ քաղաքացիների դիմումին ինքը չի պատասխանել: Քաղաքապետն ասաց, որ առաջիկայում իր մոտ կհրավիրի մի խումբ բողոքող քաղաքացիների ե համապատասխան պարզաբանում կտա: Նաեւ հայտնեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը այս տարի լինելով Բերդում՝ տեսել է նաեւ վերոհիշյալ տարածքը: Շառյանի խոսքերով՝ կառուցվող խանութները կլինեն միահարկ, չեն խանգարի Մաշտոցի 26 շենքի լուսավորությանը: Քաղաքապետի համոզմամբ՝ խանութների կառուցումից հետո խաղահրապարակի համար բավականաչափ տարածք կմնա, նրա խոսքերով՝ քաղաքի բազմաթիվ բնակիչներ դիմել են տարածք ձեռք բերելու խնդրանքով, դրա համար էլ տարածքը սեփականաշնորհել են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930