Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական «Բը՜զզը» 2 ոսկե մեդալ է շահել

Հունիս 19,2012 13:51

Հայաստանում էլ է գրաֆիկական եւ արդյունաբերական դիզայնը զարգանում

Ստեփան Ազարյանը (աջից)՝ գործընկերների հետ:

Վերջին շրջանում մենք էլ ենք սկսել ուշադրություն դարձնել ապրանքի «հագուկապին»՝ փաթեթավորմանը, ինչը խորհրդային տարիներին անտեսված էր: Այսօր արդեն շուկայում հանդիպում ենք մարքեթինգային լուծումների, որոնք առաջին հայացքից ներկայանում են շքեղ, առանձին դեպքերում՝ որպես պերճանքի տարրեր: Հայաստանում գրաֆիկական եւ արդյունաբերական դիզայնի առաջնեկներն են «Անտարես», «Պրինտ ինֆո» ձեռնարկությունները:

Վերջերս երիտասարդ արվեստագետ Ստեփան Ազարյանի՝ Կիեւի եւ Ռիգայի «Golden Hammes» գրաֆիկական ու արդյունաբերական դիզայնի միջազգային փառատոներում ներկայացրած «Բը՜զզ» անունով մեղրի տուփն ու մեղրի տարան արժանացել են ոսկե մեդալի: Սրանք դիզայների առաջին հաղթանակները չեն. 2004թ. Աթենքի օլիմպիական խաղերը խորհրդանշող նամականիշերը 2008-ին Պեկինում անցկացված միջազգային մրցույթում հաղթել են «Լավագույն արտերկրյա նամականիշ» անվանակարգում:

«Առավոտի» հետ զրույցում Ստեփան Ազարյանը նախ ժպիտով ասաց, որ ինչպես մարդը մերկ փողոց դուրս չի գա, այնպես էլ ցանկացած ապրանք պետք է իր «հագուստն» ունենա, օրինակ բերելով, որ անգամ գլուխգործոց համարվող կտավն առանց շրջանակի կարծես ամբողջական չէ, կամ ամենաբարձրակարգ շարժիչներով աշխատող ավտոմեքենաները պահանջարկ չէին ունենա առանց համապատասխան տեսքի: Նա ասաց նաեւ, որ ինքն ունի համախոհների թիմ, որը ընտրել է հատկապես գրաֆիկական փաթեթավորման ոլորտը. «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի սկիզբն էր, հետեւաբար դիզայնի, գովազդի բյուջեն բոլոր ոլորտներում սեղմ էր: Մենք էլ մտածեցինք, որ սննդամթերքի սպառումը, անկախ որեւէ բանից, նույնիսկ ճգնաժամից, պիտի շարունակվի, ու որոշեցինք զբաղվել այդ ոլորտով: Մյուս կողմից՝ արտադրողի հետ աշխատանքը ավելի ռեալ է, քան այլ ոլորտների, օրինակ՝ բանկերի, ապահովագրական ընկերությունների հետ, որտեղ բյուրոկրատիան մեծ է»:

Հարցին՝ արդյոք արվեստագետի իր հետաքրքրությունները սկսվում եւ ավարտվում են գրաֆիկական եւ արդյունաբերական դիզայնո՞վ, մեր զրուցակիցն ասաց. «Մեր խումբը աշխատում է տարբեր ոլորտներում՝ սննդից մինչեւ հագուստ, այդ թվում՝ կաթնամթերքի, թեյի, խմիչքների, ներքնազգեստի եւ այլ ապրանքատեսակների փաթեթավորման դիզայնի վրա, ինչպես նաեւ օրացույցների, տարեկան հաշվետվությունների, կորպորատիվ ոճերի, սոցիալական գովազդի»:

Անդրադառնալով միջազգային փառատոներում ոսկե մեդալի արժանացած մեղրի տուփին ու տարային, հետաքրքրվեցինք, թե դրանք մեկանգամյա՞ գործածության համար են: Ստեփան Ազարյանը նախ նշեց, թե աշխատում են անել հնարավորինը, որ ապրանքի փաթեթավորումը լինի ոչ միայն գեղեցիկ ու ներկայանալի, այլեւ հնարավոր լինի հետագայում օգտագործել, հետո էլ ավելացրեց, որ, օրինակ, մեղրի փայտյա տուփը բազմակի օգտագործման համար է:

Կարեւորելով միջազգային ասպարեզում այս ոլորտի ներկայությունը, դիզայները հայտնեց, որ պատրաստվում են աշնանը մասնակցել հեղինակավոր մրցույթների՝ ռուսաստանյան «Red apple», սլովենական «Golden drum», ինչպես նաեւ հայաստանյան «Popok» գովազդային միջազգային փառատոներին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930