Ինձ համար իսկապես մտահոգիչ է, թե ինչո՞ւ են որոշ հոգևորականներ Վեհափառ Հայրապետի թիկունքից գործում և այդքան համառորեն ցանկանում ինձ «կարգալույծ» հռչակել: Մի՞թե իմ նկատմամբ այդքան անարդար վերաբերմունքով, իրոք, նրանք կարծում են, թե ծառայություն են մատուցում Հայ եկեղեցուն: Ես միշտ հետևել եմ այն սկզբունքին, որ ներեկեղեցական կամ եկեղեցական կարգապահական հարցերը պետք է լուծվեն եկեղեցու ներսում: Ի՞նչ իմաստ ուներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան տեղեկատվական համակարգի տնօրենի կողմից իմ քահանայությունը ժխտող անհիմն հաղորդագրություններ տարածելը, այն դեպքում, երբ ես այս խնդրի հետ կապված բոլոր փաստաթղթերը ներկայացրել եմ Մայր Աթոռի կարգապահական հանձնաժողովին, որպեսզի իմ ներկայությամբ հարցը ուսումնասիրվի եկեղեցու ներսում: Եթե կարծում են, որ քննելու բան չկա, այսպես էլ ամեն ինչ պարզ է, ապա սխալվում են: Ես պարզապես պարտավոր եմ ինձ պաշտպանել ու ապացուցել, որ իմ քահանայության առնչությամբ տարածված վերոնշյալ հաղորդագրություններն ուղղակի ջուր են լցնում նախկին Ասողիկ եպիսկոպոսի՝ 1994 թվականին բանավոր կերպով տարածած լուրի ջրաղացին:
Համաձայն հաղորդագրությունների, իբր թե Թորգոմ պատրիարքը` համախորհուրդ Գերագույն Հոգևոր խորհրդի, ինձ կարգալույծ է հռչակել անհնազանդ ընթացքի ու նկարագրի անվստահելիության պատճառով և թելադրում են ինձ հավատարիմ մնալ եկեղեցական – կանոնական սկզբունքներին և այսուհետ չօգտագործել իմ քահանայական անունը, իսկ հետո էլ ներկայացնում են մանրամասնություններ, որոնք ընդհանրապես բարոյական նորմերի մեջ չեն տեղավորվում: Ժամանակին երբ ամուսնացած հոգևորականներ եպիսկոպոսներ օծվեցին, մենք դա բացատրեցինք, որ Հայ եկեղեցուն հոգևորականներ էին անհրաժեշտ և անխուսափելի էր նման քայլի դիմելը, և այդ եպիսկոպոսները մինչև իրենց կյանքի վերջը քահանայագործեցին և օգտակար եղան Հայ եկեղեցուն, և դա արդար էր: Ես ձեռնադրվել եմ 1992 թվականին: Դա մի ժամանակաշրջան էր, երբ երկիրը պատերազմի մեջ էր և զինվորների ու քահանաների խիստ կարիք կար: Հայ եկեղեցին ունի նախադեպեր, երբ քահանան ձեռնադրվել է և հետո է ամուսնացել, բնականաբար՝ Ամենայն հայոց կաթողիկոսի գիտությամբ: Ես նույնպես ձեռնադրվել եմ և հետո եմ ամուսնացել, և դրա մասին իմացել են և՛ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսը, ում օրհնությամբ օծվել եմ, և՛ երջանկահիշատակ Ներսես արք. Պոզապալյանը, ում ձեռամբ օծվել եմ, և՛ այն ժամանակվա Սյունյաց թեմի առաջնորդ, արդեն նախկին Ասողիկ եպիսկոպոսը, որը ոչ թե ինձ հեռացրել էր թեմից, ինչպես հաղորդագրության մեջ է նշվում, այլ ընդունված կարգի համաձայն՝ նրանից արձակման թուղթ եմ ստացել և տեղափոխվել Հարավային Ռուսաստանի թեմ, որը այն ժամանակ Հյուսիսային Կովկասի փոխառաջնորդություն էր կոչվում, բայց փաստացի Ռուսաստանի թեմից անկախ թեմ էր: Այն, որ ձեռնադրությունից առաջ ամուսնացած չեմ եղել, դրա մասին իմացել է նաև այն ժամանակ Հարավային Ռուսաստանի, իսկ այժմ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Եզնիկ արք. Պետրոսյանը և էլի շատ մարդիկ, այսինքն՝ դա գաղտնիք չի եղել և ես դրանից երբեք չեմ հրաժարվել, հետևաբար դիվանատան տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունը գաղտնիք չի բացահայտում, բայց փոխարենն ինձ դրդում է գաղտնիքներ բացահայտելու: Մատնանշած «ստեղծված հանձնաժողովի» քարտուղարն էր այն ժամանակ Մայր Աթոռի միաբան աբեղա, իսկ այժմ Վրաստանի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Վազգեն արք. Միրզախանյանը, ում հետ ես բազմիցս խոսել եմ այս խնդրի շուրջ և բազմիցս նա ինձ վստահեցրել է, որ թեև հարցը քննվել է, բայց կարգալուծության որոշում չի կայացվել և չէր էլ կարող կայանալ: Գալով ստեղծված հանձնաժողովի կողմից «կատարված քննությանը», պետք է նշեմ, որ, այո, ես ամուսնացած չլինելով հանդերձ՝ ասել եմ, որ ամուսնացած եմ և որպես իմ կին հորինված անուն- ազգանուն եմ ներկայացրել: Դա արվել է և՛ Վեհափառի, և՛ իմ հոգևոր ծնողի գիտությամբ, որպեսզի իմ չամուսնացած լինելուս հանգամանքը չտարածվեր ավելի քան անհրաժեշտ է եւ այլոց համար որպես օրինակ չծառայեր: Սակայն Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի մահից հետո նախկին Ասողիկ եպիսկոպոսը ներեկեղեցական աճպարարություններով (արվեստ, որին այժմ նույնպես ավելի կատարելագործված տիրապետողներ կան) կարողանում է բանավոր կերպով տարածել, թե իբր Թորգոմ պատրիարքը իմ նկատմամբ կարգալուծության որոշում է կայացրել, որին նախորդել էր արդեն վերը նշած ստեղծված հանձնաժողովի քննությունը: Կրկնում եմ, որ քննություն իսկապես կատարվել է և արձանագրությունները կազմել է ներկայումս գերաշնորհ տեր Վազգեն արք. Միրզախանյանը: Ինձ մնում է ենթադրել, որ այդ արձանագրությունների ամանով է ջուր լցվում նախկին Ասողիկ եպիսկոպոսի ավազահիմն ջրաղացին: Անցնենք առաջ: Վերջապես ես պետք է ամուսնանայի և ամուսնացել եմ օրինական ամուսնությամբ` իմ սիրած աղջկա հետ, ամուսնացել եմ՝ ընտանիք ստեղծելու համար և, փառք Աստուծո, այժմ ունեմ օրինական ընտանիք ու օրինական զավակներ, իսկ այն անձինք, ովքեր չունեն օրինական ընտանիք` մաղթում եմ ունենալ ու ապրել գաղտնազերծված ու սիրով: Իմ քահանայության մասին շատ ավելի մանրամասնորեն գրել եմ 2010 թվականի փետրվարի 28 -ին Թորգոմ պատրիարքին ուղղած իմ նամակում, որի պատճենը նույնպես գտնվում է Մայր Աթոռի կարգապահական հանձնաժողովում: Այսինքն՝ սա այն հարցը չէ, որ հասարակական քննարկման դրվեր, բայց եթե կա հարց, պետք է լինի նաև պատասխան, ես էլ պատասխանեցի ինչպես կարողացա:
Շարունակելով թեման` փորձեմ ներկայացնել ևս մի քանի փաստեր, որոնք հաստատում են, որ ես իմ քահանայական կարգի մեջ եմ: Վերը նշած հաղորդագրություններից հինգ կետ եմ առանձնացրել, որոնց մասին պարզապես պարտավոր եմ խոսել: Եվ այսպես, ի՞նչ ունենք:
1. 1994 թվականին Կաթողիկոսական տեղապահ Թորգոմ պատրիարք:
2. Նույն ժամանակվա Գերագույն Հոգևոր խորհուրդ:
3. Անհնազանդ ընթացք:
4. Անվստահելի նկարագիր:
5. Ավազանի անունով կոչվելու թելադրանք:
Սկսենք Թորգոմ պատրիարքից: Ի պատասխան իմ նամակների` 2011 թվականի ապրիլի 16 -ին, երբ Թորգոմ պատրիարքը դեռ գործունակ վիճակում էր, ինձ գրություն է ուղարկել, որ իր տեղապահության շրջանում նման միջադեպ չի հիշում, որ որևէ քահանայի ինքը կարգալույծ հռչակեր, և իր տարակուսանքն է հայտնում առ այն, որ իրեն ուղարկած իմ նամակներից առաջինը ստորագրել էի իմ ավազանի անունով: Առանձին հեռախոսազրույցի ժամանակ նույնպես պատրիարք հայրը ինձ վստահեցրեց, որ իր տեղապահության շրջանում որևէ մեկի ինքը կարգալույծ չի հռչակել: Հեռախոսազրույցը հաստատող փաստարկ չունեմ, սակայն գրությունը, որի մասին խոսեցի, պատճենահանել և ուղարկել եմ Մայր Աթոռի կարգապահական հանձնաժողովին: Եվ այսպես, Թորգոմ պատրիարքը չի հաստատում դիվանատան տեղեկատվական համակարգի հաղորդագրության ճշմարտացիությունը, որ իմ նկատմամբ կարգալուծության որոշում է կայացվել: Թերևս այսքանն էլ բավարար է հարցը լուրջ ուսումնասիրության ենթարկելու համար, սակայն կարող են ասել, թե Թորգոմ պատրիարքը հիվանդ էր և այլն, ուստի անդրադառնանք նաև հաղորդագրության մեջ նշված Գերագույն Հոգևոր խորհրդին, որի հետ իբր թե համախորհուրդ` Թորգոմ պատրիարքը ինձ կարգալույծ է հռչակել:
Այն ժամանակվա Գերագույն Հոգևոր խորհրդի անդամներից էր գերաշնորհ տեր Արսեն արք. Բերբերյանը, որը ողջ ու առողջ է և որի հետ այս հարցի շուրջ բազմիցս խոսել եմ: Արսեն սրբազանը ոչ թե ասում է, թե Թորգոմ պատրիարքի կաթողիկոսական տեղապահության շրջանում կարգալուծության որոշում չի եղել, այլ պնդում է, որ նման բան չէր էլ կարող լինել: Ի դեպ, նույն կարծիքին է նաև այն ժամանակվա Գերագույն Հոգևոր խորհրդի մեկ այլ անդամ գերաշնորհ տեր Գրիգորիս արք. Բունիաթյանը, ով նույնպես ողջ և առողջ է և Ուկրաինայի գործող թեմի առաջնորդն է: Ավելին. Գրիգորիս սրբազանը իր անունից առանձին նամակ է ուղարկել Թորգոմ պատրիարքին, որտեղ ինձ որպես քահանա ներկայացնելով հաստատել է, որ իմ նկատմամբ կարգալուծության կամ որևէ պատժիչ որոշում չի կայացվել: Այս գրության պատճենը նույնպես հանձնել եմ կարգապահական հանձնաժողովին: Նույն կարծիքին է նաև և՚ այն ժամանակվա, և՚ ներկայիս Գերագույն Հոգևոր խորհրդի անդամ ու թեմակալ առաջնորդ գերաշնորհ տեր Աբրահամ արք. Մկրտչանը: Այս խնդրի շուրջ առանձին- առանձին զրուցել եմ բոլոր այն մարդկանց հետ, ովքեր ինչ որ կերպ առնչվել են սույն հարցի հետ, այդ թվում՝ նաև թեմակալ առաջնորդներ Վազգեն արք. Միրզախանյանի և Միքայել արք. Աջապահյանի հետ, որոնք նույնպես միանշանակորեն պնդում են, որ տեղապահության շրջանում թեև հարցը քննարկվել է, սակայն վերջնականապես կարգալուծության կամ որևէ պատժիչ որոշում չի կայացվել: Ուրեմն հարգելիներս, Թորգոմ պատրիարքը այդ ո՞ր Գերագույն Հոգևոր խորհրդի հետ է «համախորհուրդ» կարգալուծության որոշում կայացրել: Միգուցե այն ժամանակ մեկ այլ Գերագույն Հոգևոր խորհուրդ է եղել, որի մասին միայն Մայր Աթոռի դիվանապե՞տը գիտի: Այսպիսով, Թորգոմ պատրիարքը չի հիշում (բնականաբար, եթե տեղի ունեցած լիներ, ապա կհիշեր, որովհետև նույն ժամանակվա այլ դրվագներ շատ լավ հիշում էր), իսկ Գերագույն Հոգևոր խորհրդի անդամները հիշում ու վստահեցնում են, որ 1994 թվականի կաթողիկոսական տեղապահի տնօրինությամբ, առավել ևս Գերագույն Հոգևոր խորհրդի հետ համախորհուրդ` որևէ հոգևորականի նկատմամբ կարգալուծության որոշում չի կայացվել:
Ասում են՝ անհնազանդ ընթացք եմ ունեցել: Այդ ո՞ւմ նկատմամբ է դրսևորվել իմ անհնազանդությունը: 1994 թվականին ես ծառայում էի Հյուսիսային Կովկասի առաջնորդական փոխանորդությունում, որի առաջնորդ գերաշնորհ տեր Եզնիկ արք. Պետրոսյանը բանավոր և գրավոր փաստել է, որ ես թեմից չեմ հեռացվել: Նա բազմիցս ինձ վստահեցրել է և անհրաժեշտության դեպքում կվերահաստատի, որ իմ ծառայությունից ինքը դժգոհ չի եղել և ինձ կարգալույծ անելու համար որևէ պատճառ չկար: Ուրեմն ի՞նչ անհնազանդ ընթացքի մասին է խոսքը, նորից եմ հարցս կրկնում, այդ ո՞ւմ նկատմամբ եմ ես իմ անհնազանդությունը դրսևորել, ո՞վ և ո՞ւմ մոտ է <միջնորդել> ինձ կարգալույծ անելու համար: Եթե նման բան եղած լիներ, ապա դա պետք է կատարվեր թեմի առաջնորդի միջնորդությամբ, ինչը, ինչպես նշեցի, չի եղել, իսկ եթե մի պահ ենթադրենք, որ կա այնպիսի պատճառ, որը թույլ կտար առանց թեմի առաջնորդի գիտության ու միջնորդության թեմում ծառայող քահանային կարգալույծ հռչակել, ապա հռչակելուց հետո դրա մասին պետք էր գրավոր տեղյակ պահվեր թեմի առաջնորդին, ինչը նույնպես, բնականաբար, տեղի չի ունեցել: Այլ խոսքով՝ վերոնշյալ տարածված հաղորդագրությունները առանձնապես ոչնչով չեն տարբերվում 1994 թվականին նախկին Ասողիկ եպիսկոպոսի կողմից բանավոր կերպով ինձ հաղորդած սխալ տեղեկությունից, թե իբր ես կարգալույծ եմ հռչակվել, որին ես ժամանակին միամտաբար հավատացել էի` առանց խորամուխ լինելու հարցի էության մեջ: Ասում են՝ «նկարագրի անվստահելիություն»: Այդ ե՞րբ իմ նկարագիրը անվստահելի դարձավ, հետաքրքիր է, քահանայությունից առա՞ջ, թե՞ հետո: Իսկ ո՞ւմ նկարագիրն է իմ նկարագրից ավելի մաքուր: Մի խոսքով, ես ինչպես կաթողիկոսին ուղղած իմ նամակներից մեկում նշել եմ, այժմ նույնպես կրկնում եմ, որ թող ոչ ոք հույս չփայփայի, թե ես կհրաժարվեմ իմ քահանայությունից կամ Հայ եկեղեցու հետ ինձ կապող կամուրջները կարող են այրվել, նման մարդիկ կայրեն միայն ինձ իրենց հետ կապող կամուրջները: Գալով հաղորդագրության մեջ «իմ ներկայիս որդեգրած ուղու» մասին կամայական դատողություններին, պարզաբանեմ, որ ես Սուրբ Գրքի ու Եկեղեցու Հայրերի վարդապետության վրա հիմնված իմ սեփական համոզումներն ունեմ և դրանք արտահայտում եմ ամենայն պատասխանատվությամբ: Իմ հրապարակախոսական հոդվածները ես կգրեի նույնիսկ այն դեպքում, եթե ես լինեի Ամենայն հայոց կաթողիկոսը, որովհետև նրանք միգուցե վնասում են ոչ իրենց տեղում հայտնված հոգևորականների շահերը, սակայն որևէ կերպ չեն վնասում Հայ առաքելական սուրբ եկեղեցու շահերը: Այնպես որ, հարգելի դիվանապետ ու տեղեկատվական համակարգի տնօրեն, եթե այսօր կան հոգևորականներ, որոնք կարծում են, թե ավելի արդարամիտ են, քան Վազգեն Ա Հայրապետն էր, կարծում եմ՝ պետք է վերանայեն իրենց համոզումը և ստվեր չգցեն երջանկահիշատակ Վեհափառի անվան վրա, եթե նա ինձ արժանի է համարել քահանայության կոչելու, ուրեմն արժանիքներ ունեցել եմ, ես ոչ Վազգեն Վեհափառի համագյուղացին եմ եղել, ոչ էլ` սանիկը: Եթե դուք այլ կարծիքի եք, ուրեմն բարի եղեք, համաձայն իմ դիմում- խնդրանքի, հարցը ուսումնասիրել իմ ներկայությամբ` Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբի միջոցով և գործից տեղյակ մարդկանց մասնակցությամբ: Եթե կարգապահական հանձնաժողովը հարցը ուսումնասիրի և եզրակացությունը հանձնի Վեհափառին և Վեհափառ Հայրապետը հաստատի եզրակացության անաչառությունն ու արդարությունը, ես կարգապահական հանձնաժողովի որոշումը կընդունեմ որպես վավերական որոշում և իմ հետագա քայլերը համահունչ կլինեն այդ որոշմանը, այլապես այն, ինչ դուք հրապարակավ հայտարարում եք, մեղմ ասած, լուրջ չէ: Եվ ես ինքս ձեզ ու ձեր նման մտածողներին կոչ եմ անում հետևել վանական կանոնական սկզբունքներին, հավատարիմ մնալ ձեր ուխտին և զերծ պահել ձեզ բամբասանքներից ու զրպարտություններից:
ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ (տեր Մանուկ քահանա Մնացականյան)
աստվածաբանության մագիստրոս
«Առավոտ» օրաթերթ