Ուսուցիչներն աշխատավարձ չեն ստանում
Արդեն երկրորդն ամիսն է՝ Գյումրու թիվ 15 դպրոցի 60 հոգանոց կոլեկտիվը զրկված է աշխատավարձ ստանալու իրավունքից: Բանը հասել է նրան, որ ուսուցիչները տրանսպորտի գումար չունենալու պատճառով խանձող արեւի տակ ոտքով են երթեւեկում, իսկ այն խանութները, որտեղից միշտ «նիսյայով» հաց են գնում, դրանց տերերն այլեւս հրաժարվում են սննդամթերք տալուց, ասելով՝ «յեսիմ ձեր դպրոցին փող տա՞ ն»: ԴԱՀԿ-ն կալանք է դրել դպրոցի հաշիվների վրա՝ պնդելով, որ այս ուսումնական հաստատությունը պարտք է 5 միլիոն 406 հազար դրամ: Իսկ թե որտեղի՞ց է գոյացել այդ գումարը, իրոք արտառոց մի պատմություն է: Բանն այն է, որ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ Գյումրիի թիվ 36 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Սուսաննա Մռյանը երեխաներին փրկելիս վնասել է ոտքը, այսինքն՝ աշխատանքային տրավմա է ստացել, բժշկական անաշխատունակ փորձաքննական հետազոտությունն էլ այդ վնասվածքը սահմանել է որպես ցմահ, որի համար սկսել են տիկնոջը փոխհատուցել այն բոլոր ուսումնական հաստատություններից, որտեղ նա հետագայում աշխատել է: Բայց քանի որ սա գլխացավանք է եղել դպրոցների բյուջեի համար, օրինակ՝ թիվ 37 դպրոցի տնօրենը մոտ մեկ տարի վճարելուց հետո դադարեցրել է փոխհատուցումը: Տիկին Մռյանն էլ 2005 թվականին դիմել է դատարան՝ հստակեցնելով, թե ո՞վ պետք է վճարի իրեն՝ այն հիմնա՞րկը, որտեղ խեղում է ստացել, թե՞ ուսումնական հաստատությունը, որտեղ աշխատում է: Շիրակի մարզի դատավոր Մարտին Սարոյանն էլ որոշել է, որ տիկնոջը պետք է փոխհատուցի թիվ 15 դպրոցը, քանի որ 2003 թվականին Գյումրու թիվ 36 դպրոցը օպտիմալացվել ու միավորվել է թիվ 15-ին: Այսինքն՝ այս դպրոցը ճանաչվել է իրավահաջորդ: Դատարանի որոշումից հետո՝ մինչեւ 2007 թվականը, տիկին Մռյանը թիվ 15 դպրոցից ստացել է 1մլն 102 հազար 550 դրամ, սակայն տնօրենի ու հաշվապահի փոփոխությունից հետո, ղեկավարությունը հրաժարվել է վճարել՝ գտնելով, որ նրա պահանջը անօրեն է: Ու այսպես սկսել են մեկը մյուսին դատի տալ, բանը հասել է նրան, որ կալանք է դրվել դպրոցի հաշիվների վրա՝ ուսուցիչներին զրկելով աշխատավարձ ստանալու հնարավորությունից: Թիվ 15 դպրոցի հաշվապահ Ռուբիկ Սուքիասյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «ԴԱՀԿ-ն իր որոշման մեջ նշել է, որ դպրոցից պետք է բռնագանձեն 5 միլիոն 406 հազար դրամի չափով՝ որպես վնասի հատուցում Մռյանին, բայց թե որտեղի՞ց են վերցրել գումարի այդ չափը, անկեղծ ասած, ես ոչ օրենքով կարողացա հասկանալ, ոչ էլ իրենց ներկայացրածից, չկա այդպիսի հաշվարկ, չկա այդպիսի գումար, որը իրականում պետք է վճարվի: 5 միլիոն 406 հազար դրամը սխալ հաշվարկների արդյունք է, մարդիկ փոխանակ օրենքով հաշվարկներ կատարեն, իրենց համար գտել են նոր օրենսդրական դաշտ, այդ գումարը հաշվարկել են ոչ թե օրենքի պահանջներով, այսինքն՝ դեպքի տեղի ունենալու նախորդ տարվա միջին աշխատավարձից ելնելով, այլ վերցրել են, թե էդ մարդը էդ ժամանակ քանի ժամ է ունեցել, ինչ պարտականություններ է ունեցել, այդ նույն պարտականությունները նույն ժամաքանակով դրել հաշվարկել են այսօրվա գործող թվերի շրջանակներում, ընդ որում՝ ոչ թե էս դպրոցի, այլ չգիտեմ որտեղի համար: Որովհետեւ եթե էսօրվա մեր դպրոցի մեկ դրույքի արժեքը համեմատեմ, էսպիսի թիվ չեն ստանա, իմ դպրոցում աշխատող ուսուցիչը նույն 23 ժամի համար էդքան գումար չի ստանում, ինչ-որ աուդիտորական ընկերություն իր համար հաշվարկ է արել, «Կոդ աուդիտ» ՍՊԸ-ն ու իրեն դատավորի իրավունքներ է վերապահել»: Հաշվապահի ներկայացմամբ, այդ ՍՊԸ-ն օրենքին համապատասխան հաշվարկ կատարելու փոխարեն՝ վերցրել է դատարանների վճիռների մեջ նշված թվերը, որտեղ, օրինակ, նշվել է, թե տիկին Մռյանը ստացել է 43 600 դրամ, հետո դարձել է 49 350 դրամ ու սա հիմք ընդունելով՝ այսօր նվազագույն աշխատավարձի աճին համապատասխան գործակիցներով հասցրել է 107 000 դրամի չափով գումարի: Այսինքն՝ դպրոցը տարեկան կտրվածքով 1 միլիոն 300 հազար դրամ պետք է վճարի Մռյանին: «Ես որտեղի՞ց տարեկան 1 միլիոն 300 հազար լրացուցիչ գումար գտնեմ, ո՞վ է ինձ տվողը, որ Մռյանին վճարեմ ու մտածեմ, որ ոչինչ, դատավոր է, սխալվել է: Եվ սա այն դեպքում, երբ մենք ամեն տարվա վերջին խնդիր ենք ունենում աշխատավարձ վճարելու, աշակերտների քանակը հետզհետե նվազում է»,- ասում է հաշվապահը: Նրան նաեւ զարմացնում է այն, որ դատարանը իր վճռում չի նշել այն գումարի չափը, որը դպրոցը պետք է վճարի տիկին Մռյանին, այլ քննարկել է միայն իրավահաջորդության հարցը: Ավելին, ըստ Ռուբիկ Սուքիասյանի, դատարանը թիվ 15 դպրոցին՝ որպես իրավահաջորդի, չի փոխանցել անգամ պարտականությունների փաթեթը, որը պետք է հիմք հանդիսանար վճարման համար: Իսկ սա կասկածի տակ է դրել վճռի օբյեկտիվությունը: Դպրոցի հաշվապահին զարմացրել է այն, որ դատավորներից մեկը սխալվել է, սակայն մյուսները, օրինակ՝ վերաքննիչ, վճռաբեկ դատարանների դատավորները իրենց կոլեգային չխայտառակելու համար կրկնում են նրա սխալը՝ իրականում կրակը գցելով դպրոցին: Պարոն Սուքիասյանը պնդում է, որ տիկին Մռյանը, ըստ Քաղաքացիական օրենսգրքի, վճարման ենթակա չէ, քանի որ նրա ոտքը վնասվել է աղետի ժամանակ: Ի դեպ, երկրաշարժից առաջ տիկին Մռյանի հետ աշխատած որոշ ուսուցիչներ մեզ հետ զրույցում պնդում էին, որ թիվ 36 դպրոցը չի փլվել, աշակերտներին երկրորդ հարկից տարհանելու կարիք չի եղել, հետեւաբար տիկին Մռյանը իր ոտքի վնասվածքը դպրոցում չի ստացել, այլ կեղծ փաստաթղթերով փորձում է իր գործերը առաջ տանել: «Իսկ երկրաշարժից ո՞վ չի տուժել, կա՞ Գյումրիում ընտանիք, որտեղ տուժող չկա, մեկի ոտքն է կոտրել, մյուսի՝ ձեռքը, ի՞նչ անեն, հիմա ազգովի փող պահանջե՞ն, բա սա անելու բա՞ն է, սա մեր գրպանները մտնելու փորձ է, մենք տեղյակ ենք, որ նա նաեւ որպես հաշմանդամ թոշակավորվում է պետությունից, դա նրան որպես փոխհատուցում բավարար չէ՞»,- նման զայրացած ելույթներ էին հնչում դպրոցում: Մենք զրուցեցինք նաեւ տիկին Մռյանի հետ: Նա փոխանցեց, որ շատ է ցավում իր կոլեգաների համար, ովքեր աշխատավարձ չեն ստանում, սակայն միաժամանակ ասաց, որ ինքը 5 դատ է հաղթել, եւ եթե խնդիրներ ունեն, թող դատավորներին դատի տան: Նշենք, որ այս պահին դպրոցի տնօրինությունը դիմել է վարչական դատարան՝ դատի տալով ԴԱՀԿ-ին՝ պահանջելով անհիմն ճանաչել ԴԱՀԿ-ի որոշումը դպրոցի միջոցների վրա արգելանք դնելու եւ նշված գումարը Մռյանին փոխհատուցելու մասին, ինչպես նաեւ անօրեն ճանաչել «Կոդ աուդիտ» փորձագիտական ընկերության աշխատավարձի հաշվարկը:
Երբ նյութը պատրաստ էր տպագրության, պարզ դարձավ, որ արգելանքը հանել են դպրոցի հաշիվներից, ուսուցիչներին մեկ ամսվա աշխատավարձ են փոխանցել, սակայն խնդիրը, այնուամենայնիվ, չի լուծվել:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ