ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Եղեգնաձոր քաղաքի նստավայրի նոր շենքի բացումը հունիսի 16-ին էր: Նորակառույց դատարանի շենքը համապատասխանում է դատարանների անվտանգության եւ նախագծման ժամանակակից չափանիշներին:
Շենքի մակերեսը նախատեսված է 2 դատավորների համար: Ունի կահավորված երկու դատական նիստերի դահլիճ: Ձեռք են բերվել ու տեղադրվել դատական նիստերի դահլիճների կահավորանքը, գրասենյակային կահույքը, մուտքերի հսկման համակարգչային տեխնիկան եւ համակարգչային ցանցը: Դատավորներն եւ աշխատակիցները առանձնացված են փակ գոտիով:
Դատարանի արգելված գոտին կալանավորների առանձնացման համար է:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն իր խոսքում նշեց, որ դատական շենքի կառուցումով եւս մեկ քայլ կատարվեց անկախ դատական համակարգի կառուցման գործում: «Մենք մեր ամենօրյա աշխատանքով լուռ, քայլ առ քայլ մոտենում ենք դեպի այդ քայլի իրականացմանը»,- ասաց նա:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանն էլ իր հերթին նշեց, որ դատաիրավական համակարգի բարեփոխումները միշտ եղել են առաջնային, նորագույն դատական շենքներն էլ նպաստում են արդար դատական վճիռ կայացնելուն:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ