Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարացման դատավճիռները՝ որպես արդարադատության կայացման միջոց

Հունիս 19,2012 13:26

Իրավապաշտպան գործունեության ոլորտում մեծ փորձ ունեցող «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը նախորդ՝ մայիս, ամիսը հատկապես կարեւորում է բեղմնավոր աշխատանքի արդյունքում ունեցած հաջողված գործերի բարձր ցուցանիշներով: Ի թիվս քաղաքացիական գործերով քաղաքացիներին տրամադրած անվճար իրավաբանական օգնության արդյունքում ունեցած հաջողված գործերի՝ գլխավոր ձեռքբերումը կազմակերպության երեւանյան գրասենյակի տնօրեն Քրիստինա Գեւորկյանը համարում է Գ. Ղափանցյանի անվան հիմնական դպրոցի նախկին ուսուցչուհի Հայրենուհի Գեւորգյանի գործով արդարացման դատավճռի կայացումը:

Քաղաքացու նկատմամբ դեռեւս 2011 թվականի հունիսի 16-ին ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային քննչական բաժնի կողմից հարուցվել էր թիվ 29105611 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Նախկին ուսուցչուհին մեղադրվում էր այն բանի համար, որ 16.05.11թ.-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Գ. Ղափանցյանի անվան հիմնական դպրոցի 2-րդ հարկի միջանցքում, խաթարելով դպրոցի բնականոն աշխատանքը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով ուսուցիչների եւ աշակերտների նկատմամբ, շուրջ 5-6 րոպե տեւողությամբ, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ էր տվել դպրոցի տնօրենի եւ դպրոցի կոլեկտիվի հասցեին, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը եւ կատարել խուլիգանություն: 2011թ. օգոստոսի 16-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Քաղաքացու անմեղության հարցում համոզմունք ձեւավորած «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը ոչ միայն հետեւողականորեն բարձրաձայնել է խնդրի մասին, այլեւ իր աշխատակից, փաստաբան Անժելա Կարապետյանի միջոցով ստանձնել քաղաքացու պաշտպանությունը:

2012 թվականի մայիսի 24-ին Հայրենուհի Գեւորգյանի գործով կայացվել է արդարացման դատավճիռ: Արդարացման դատավճիռ կայացնելու համար հիմք է հանդիսացել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատական նիստի ժամանակ, նախքան դատավորի խորհրդակցական սենյակ գնալը, մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելը: Դատախազը միջնորդել է Հայրենուհի Գեւորգյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Կազմակերպությունը բարձր է գնահատում արդարացման յուրաքանչյուր գործ՝ արդարադատության կայացման գործընթացում այն համարելով տեսանելի առաջընթաց:

Նույն ամսում, կազմակերպության ջանքերով, դադարեցվել է նաեւ Մհեր Սանասարի Պետրոսյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը: Նախաքննության մարմինը Մհեր Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրել գողության փորձի հատկանիշներով: Հաշվի առնելով ամբաստանյալի տարիքը, նախկինում դատվածություն չունենալու հանգամանքը, առանց պատիժ կրելու նրա ուղղման հնարավորությունը, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը, ի դեմս փաստաբան Անժելա Կարապետյանի, բացատրական աշխատանքներ է տարել ինչպես ամբաստանյալ երիտասարդի, այնպես էլ գործով տուժողներ Արթուր եւ Գեւորգ Աբրահամյանների հետ: Արդյունքում՝ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցվել է, իսկ տուժողներ Աբրահամյանները միջնորդել են կարճել քրեական գործով վարույթը: Ամբաստանյալ Մհեր Պետրոսյանը, ում նկատմամբ մինչ այդ որպես խափանման միջոց ընտրված էր կալանավորումը, դատարանի դահլիճից ազատ է արձակվել:

Կազմակերպությունը պատրաստակամ է անվճար իրավաբանական աջակցություն տրամադրել սոցիալապես անապահով քաղաքացիներին, ինչի համար անհրաժեշտ է այցելել Արշակունյաց 6 հասցեում գտնվող կազմակերպության Երեւանյան գրասենյակ կամ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր եւ Վայք, ինչպես նաեւ Սյունիքի մարզի Սիսիան, Կապան եւ Մեղրի քաղաքներում գործող քաղաքացիական կենտրոններ:

«Ընդդեմ իրավական կամայականության»
հասարակական կազմակերպություն

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930