«Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված զինվորական բժշկին 40 հիվանդ զինվոր է սպասում
Մուրացանի ռազմաբժշկական հոսպիտալում արդեն երեք օր է՝ կյանքի համար կռիվ է տալիս կիրակի օրը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանը: «Առավոտի» հետ զրույցում Վահեի գործընկերները, որոնք արդեն 2-րդ օրն է՝ կատարվածից ուշքի չեն գալիս, պատմեցին, որ մինչ միջադեպը զինվորական այս բժշկի հսկողության տակ են գտնվել մոտ 40 զինվոր, որոնք բուժվում են հոսպիտալում: Սակայն արդեն քանի օր է՝ Վահեն նրանց կողքին պառկած է: Ըստ կոլեգաների՝ Վահեն այս ոլորտի միակ մասնագետն է, որը, կարելի է ասել, բանակի համար այսօր անփոխարինելի գործ է անում: Միջադեպից խիստ ազդված հոսպիտալի բժիշկները մեզ հետ զրույցում զայրացած էին, որ պաշտպանության նախարարությունը որեւէ հայտարարությամբ հանդես չեկավ ի պաշտպանություն իր բժշկի. «Եթե այս միջադեպը կոծկվի, եւ մեղավորները չպատժվեն, ուրեմն մենք ո՛չ պաշտպանության նախարարություն ունենք, ո՛չ էլ պաշտպանության նախարար: Եթե այս երկրում զինվորական բժիշկներին, որոնք Ղարաբաղում կռվել ու ծառայել են, հազարավոր զինվորների կյանք են փրկել, ու ինչ-որ մեկի «ախրանան» կարող է ոտքերի տակ գցել ու ծեծելով 20 մետր «տշել», նշանակում է՝ պետություն ու օրենք չկա ու պետք է թողնել հեռանալ այս երկրից: Մեր երկրում «ախրանաներին» հատուկ բուծում են, ուղեղները բթացնում, վարժեցնում հատուկ մարդասպանության համար»:
Մեզ հետ զրույցում հոսպիտալի պետը հաստատեց «Առավոտի» այն տեղեկությունը, որ ծեծի պատճառ է դարձել զինվորական բժիշկների՝ սպորտային հագուստով լինելը, բժիշկները աշխատակիցներին ենթարկվել են, բայց, չգիտես ինչու, վեճ է ծագել. «Վահեն ասել է՝ սեղան ունենք պատվիրած, գնամ հագուստս փոխեմ գամ, անգամ չեն էլ հասցրել գոնե մի բաժակ բան խմել, որ մտածենք՝ խմել են, անգամ եթե սպորտային հագուստով էլ են եղել, մարդիկ գնացել էին կիրակի օրով հանգստանալու, ծնունդ նշելու, ի՞նչ է, իրավունք չունե՞ն: Ի վերջո դրա համար չեն տալիս՝ մարդ սպանում: Ուզում ենք հասկանալ՝ «ախրանայի» ֆունկցիան ո՞րն է, պատե՞րն են պաշտպանում սպորտային հագուստով մարդկանցից: Պատգամավորների թիկնապահները ավելի մեծ հարգանք են վայելում, քան բժիշկները, դրա համար էլ ում ուզեն՝ ոտքի տակ կգցեն ու անպատժելի կմնան: Եթե մի երկրում նման ծեծի համար մեկին ¥նկատի ունեն Գագիկ Բեգլարյանին,- Ն. Բ.¤ պաշտոնանկ են անում, հետո նորից պաշտոն են տալիս, էլ ինչի՞ մասին կարող է խոսք լինել»:
Կարդացեք նաև
Նշենք, որ Վահեն ամուսնացած է եւ ունի 2 անչափահաս երեխա: Կոլեգաներն ու հարազատները մեզ հետ զրույցում նրան բնութագրեցին որպես զուսպ, համեստ ու կիրթ անձնավորություն: Քրոջ՝ Վերոնիկայի խոսքերով. «Նա անգամ փողոցային շներին էր օգնություն ցույց տալիս, շատ լուսավոր մարդ է, ես զարմանում եմ՝ դրանք մայրական կաթի փոխարեն թարա՞խ են կերել»:
Հոսպիտալի վերակենդանացման բաժնի պետ, բուժծառայության փոխգնդապետ Հայկ Անտոնյանի ներկայացմամբ՝ Վահեն հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Նրա ուղեղում առաջացել է հեմատոմա, ինչի արդյունքում գլխուղեղի մի կիսագնդի մի մասը տեղափոխվել է մյուս կիսագնդի մեջ: Ըստ բժշկի՝ մարմնի մյուս հատվածները վնասված չեն. «Ինչից կարելի է ենթադրել, որ նպատակային գլխին են հարվածել»: Ծեծվածներին նրանց երրորդ ընկերն է դրել ավտոմեքենա եւ տեղափոխել հիվանդանոց:
Մյուս տուժած բժշկի՝ Արտակ Բայադյանի վիճակը համեմատաբար լավ է: Նրան պարբերաբար հանգստացնող դեղամիջոցներ են ներարկում: Բժշկի խոսքերով՝ աչքերը բացելուն պես Արտակը ընկերոջ՝ Վահեի մասին է հետաքրքրվում: Համառ ջանքերից հետո մեզ հաջողվեց գոնե հեռվից տեսնել վերակենդանացման բաժանմունքում գտնվող Վահեին: Նրա հարազատները դռան մոտ հերթապահում էին՝ սպասելով մի լավ լուրի:
Հիշեցնենք, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին: Երեկ մեզ չհաջողվեց պարոն Հայրապետյանից այս առնչությամբ որեւէ մեկնաբանություն ստանալ, պատգամավորի հեռախոսն անհասանելի էր:
Հարազատներից տեղեկացանք, որ պատգամավորը գոնե ձեւի համար չի այցելել իր օբյեկտում մահացու աստիճանի ծեծված զինվորական բժիշկներին:
Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, սակայն երեկվա դրությամբ միայն մեկ անձի էին բերման ենթարկել: «Հարսնաքարի» աշխատակիցներից ոմանց էլ հարցաքննել էին:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ