Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը արտգործնախարարների երեկվա հանդիպումը համարում է «տեխնիկական»
«Ադրբեջանն ուզում է աշխարհին ապացուցել, որ Ղարաբաղի հարցը գոյություն ունի, ու մեխանիզմներից մեկն էլ՝ դա անել հրադադարի խախտմամբ, հնարավորինս շատ զոհերով: Դա Ադրբեջանի համար կարեւորագույն գործոն է, որով աշխարհին ցանկանում են ցույց տալ, որ հարցը կարգավորված չէ, եւ սա նոր մոտեցում է Ադրբեջանի պետական քաղաքականության մեջ»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով վերջին շրջանում պարբերական դարձած սահմանային միջադեպերին՝ ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Ի դեպ, նկատենք, որ երեկ, երբ Փարիզում հանդիպում էին ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարները, սահմանում հերթական միջադեպն է գրանցվել: Ադրբեջանական հերթական սադրանքի արդյունքում զոհվել է զինծառայող Արամ Գյուլնազարյանը: ԼՂՀ ԱԳՆ-ն միջադեպը որակել է «բացահայտ մարտահրավեր ԵԱՀԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին»: Այս միջադեպը թերեւս հերթական ապացույցն է, որ ԼՂՀ հարցում Ադրբեջանը իր քաղաքական ուղեգծում որդեգրել է՝ «ինչքան շատ միջադեպեր եւ զոհեր, այնքան՝ լավ, քաղաքականությունը»: Ստեփան Գրիգորյանը նկատում է, որ սա նորություն է Ադրբեջանի՝ ԼՂՀ հարցի լուծման «փաթեթում»: Նախկինում Ադրբեջանը խոսում էր միայն տարածքային ամբողջականության մասին:
Իսկ երեկ Փարիզում արտգործնախարարների հանդիպմանը մասնակցել են նաեւ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Ռոբերտ Բրադտկեն՝ Միացալ Նահանգներ, Իգոր Պոպովը՝ Ռուսաստանի Դաշնություն, եւ Ժակ Ֆորը՝ Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Այս հանդիպման մասին հայտնի դարձավ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ տարածաշրջան կատարած այցի ժամանակ: Տիկին Քլինթոնը հայտարարեց, որ Փարիզում կողմերին կներկայացվեն ԼՂՀ խնդրի կարգավորման նոր առաջարկներ: Հանդիպումից հետո մամուլի համար տարածված հաղորդագրության մեջ, մասնավորաբար, ասված է, որ համանախագահները նախարարների հետ քննարկել են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաեւ հումանիտար շփումների զարգացման, պատմամշակութային արժեքների պահպանության ու հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման ուղղությամբ հետագա աշխատանքները»:
Կարդացեք նաև
«Առավոտի» հետ զրույցում Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ չի կարծում, թե այս հանդիպման ժամանակ կողմերին ինչ-որ առաջարկներ են արվել: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ առաջարկների մասին կարող է խոսք լինել, մի՞թե այս տարիների ընթացքում բոլոր հնարավոր եւ անհնար առաջարկներով փորձ չի արվել տանել խնդրի կարգավորումը: Տիկին Քլինթոնի բարձրաձայնած առաջարկները, Ստեփան Գրիգորյանի կարծիքով, եթե արվեն, կարվեն, ասենք, նախագահների հանդիպման ժամանակ: Մեր զրուցակցի կարծիքով՝ «նոր առաջարկները», որոնց մասին խոսում էր ԱՄՆ պետքարտուղարը, թերեւս միտված էին տարածաշրջանում ԱՄՆ-ի դերն ակտիվացնելուն, այդ թվում նաեւ ԼՂՀ հարցում. «Երբ Քլինթոնն ասում է՝ «նոր առաջարկներ», ես չեմ բացառում, որ իրենք նկատի ունեն, օրինակ, օգտագործել նոր ձեւաչափ՝ Հայաստան, Ադրբեջան, ԱՄՆ: Այսինքն՝ ինչ-որ չափով վերցնեն այն նախաձեռնությունը, որով վերջին ժամանակներս հանդես էր գալիս ՌԴ-ն, երբ եռակողմ հանդիպումներ էին կազմակերպում»: Մեր զրուցակիցն ընդգծում է, որ խնդրի կարգավորման շուրջ համատեղ մոտեցում ձեւավորված չէ, եւ այն պետությունները, որոնք խոսում են ինչ-որ տարբերակների ու նախաձեռնությունների մասին, դրանք բխում են բացառապես խնդրի կարգավորման վերաբերյալ իրենց պատկերացումներից:
Երեկ Փարիզում կողմերը կրկին խոսել են վստահության ամրապնդման մասին: Ստեփան Գրիգորյանը հիշեցնում է, որ վստահության, շփման գծում լարվածությունը հանելու եւ նմանատիպ բաների մասին խոսվում էր եւ աստրախանյան, եւ Սոչիի հանդիպումների ժամանակ, որոնք ՌԴ նախագահի հովանու ներքո էին: Այդ ամրագրումները դրական ընդունեցին կողմերը, անգամ հայտարարություններ արեցին, բայց, այնուամենայնիվ, լարվածությունը շարունակվում է, զոհերի թիվը բավականին մեծ է: Նա փաստում է, որ, դժբախտաբար, լարվածության թուլացման եւ վստահության մթնոլորտի մասին հայտարարությունները միայն թղթի վրա են. «Միջազգային հանրությունը չի խրախուսում սահմանային միջադեպերը, հայտարարություններ արվեցին, եւ պարզ է, որ կողմերն էլ պետք է հերթական հայտարարությունն անեն: Ցավով պետք է նշեմ, որ ԼՂՀ հարցի կարգավորման ուղղությամբ կողմերի մոտեցումները շարունակում են մնալ չափազանց տարբերվող: Ավելին, այժմ զինադադարի խախտման ռեժիմն Ադրբեջանի պետական քաղաքականության մի մաս է: Ակնհայտ է, որ այդ հանդիպումից ինչ-որ լուրջ որոշումներ սպասել պետք չէր: Լավ էր, որ հանդիպեցին, հանդիպումները անհրաժեշտ են, պետք է նաեւ նախագահների մակարդակով առաջիկայում հանդիպումներ կազմակերպվեն, փորձ արվի դիպուկահարների հարցը կարգավորել: Հանդիպումները, գուցե, ինչ-որ ժամանակով հանեն լարվածությունը սահմաններում, բայց որ այդ հարցերը մոտ ժամանակներս լուծում կստանան՝ միամիտ կլիներ սպասել: Այս հանդիպումն ավելի շատ տեխնիկական խնդիրներ էր լուծում»:
Հակադարձելով մեր դիտարկմանը՝ Ադրբեջանը կարծում է, որ այժմ ինքը տնտեսապես ավելի կայուն է, հետեւաբար՝ ցանկանում է ռազմական ճանապարհով հասնել ԼՂՀ հարցի կարգավորման, Ստեփան Գրիգորյանն ասաց. «Չեմ կարծում, որ Ադրբեջանն այսօր հավատում է, թե կարող է ռազմական ճանապարհով հարցը լուծել: Ոչ միայն այն պատճառով, որ իրենց եւ մեր պոտենցիալները հավասար կամ մոտ են իրար, այլ նաեւ Ադրբեջանում հասկանում են, որ նման փորձը կբերի շատ զոհեր, մեծ լարվածություն, ինչը, դեռ պարզ չէ, ինչով կավարտվի Ադրբեջանի իշխանությունների համար: Ադրբեջանում նաեւ շատ լավ հասկանում են, որ եթե նման փորձ արվի, կողմերը ուղղակի չեն հասցնի իրար դեմ պատերազմել: Ակնհայտ է, որ առիթն օգտագործելով՝ ՌԴ-ն շփման գծում կմտցնի իր զորքը: Ու դա ՌԴ-ն կանի ոչ թե Հայաստանի կամ Ադրբեջանի խաթեր, այլ այն պատճառով, որ ՌԴ-ին շատ անհրաժեշտ է ամրապնդվել մեր տարածաշրջանում: 2008-ին առաջին քայլն արվեց, չի բացառվում, որ որեւէ առիթ օգտագործելով՝ երկրորդն էլ արվի: Բաքվում այդ սցենարը լավ հասկանում են: Բացի այդ, այն կողմը, որը կսկսի ռազմական գործողություններ, միանշանակ նրա նկատմամբ եւ ԵՄ-ի, եւ ԱՄՆ-ի, նույնիսկ հարեւանների կողմից կլինեն շատ կոշտ սանկցիաներ»: Այս ամենն ի նկատի ունենալով՝ մեր զրուցակիցը չի կարծում, որ Ադրբեջանը կգնա արկածախնդրության, եթե ֆորս-մաժորային իրավիճակներ չլինեն տարածաշրջանում, մասնավորաբար՝ Իրանի նկատմամբ:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ