Լրահոս
Օրվա լրահոսը

«ժողովրդականով դրեք, ես փաս»

Հունիս 19,2012 13:07

Վարդան Այվազյանն առաջարկում է Սամվել Ալեքսանյանին տուգանել 5000 անգամ ավելի շատ

Օրերս ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը Սուքիասյաններին օրինակ բերեց՝ նշելով, որ չնայած ընդդիմության կողքին են կանգնել, բայց բիզնեսը զարգանում է: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում նա վստահեցնում էր, որ Հայաստանում սեփականության իրավունքը պաշտպանված է, որ ցանկության դեպքում էլ չեն կարող վնասել ընդդիմադիր գործարարներին. «Բիզնեսին չեն կարող խփել, ի՞նչ է, գալու են քեզ ասեն, որ «Բջնի» մի՞ առ, կամ քեզ գալու են ասեն՝ «Գոֆրոտարայից» մի՞ օգտվի»:

Մենք հետաքրքրվեցինք՝ իշխանության կողքին կանգնած բիզնեսմենների ընկերություններում այդ կարգի ստուգումներ կանե՞ն, եւ Սամվել Ալեքսանյանի «Շող» ձեթի գործարանում ե՞րբ է վերջին անգամ ստուգում արվել. «Կարող է լինի կամ չլինի, բայց նենց չի, որ իշխանության կողքին կանգնեն՝ ստուգում չի լինի: Բիզնեսմենների մեծամասնությունը, ցանկացած բիզնեսմեն էսօր իշխանության կողքին է, բա տեղական բյուջեն որտեղի՞ց է հավաքվում: Կարող է՝ մեկի բիզնեսը որոշակի առումով տուժի, բնականաբար, մեզ մոտ հլը փոխհարաբերությունների դաշտը կարգավորված չի: Օրենսդրական դաշտը կարգավորված չի, նորմատիվային բազան կարգավորված չի, հարաբերությունները ամբողջական կարգավորված չեն, որ մենք կարողանանք ամբողջ դաշտը հստակեցնել: Ես գիտեմ, որ մենակ 3-4 անգամ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Սամվել Ալեքսանյանին տուգանել է»: Մեր դիտարկմանը, որ Սամվել Ալեքսանյանը մի քանի անգամ տուգանվել է օղիները ուկրաինականին նմանեցնելու համար, որի եկամուտը ավելի շատ է եղել, քան տուգանքը, Վարդան Այվազյանն ասաց. «Արեք՝ դնենք տուգանքը դարձնենք 5000 անգամ ավելի շատ, արեք՝ ընենց մի հատ տուգանք դնենք, որ տանեն պատից կախեն՝ խփեն»: Մեր հարցին՝ դրեք, ինչի՞ չեք դնում, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Ժողովրդականով դրեք, ես փաս»: Մեր դիտարկմանը, որ այսօր ոչ մեկը մաքուր չի աշխատում՝ Վարդան Այվազյանը վստահեցրեց, որ «մաքուր» հասկացությունը հարաբերական է. «Այդ ընդդիմադիր կոչեցյալը թող ինձ բերի, ասի՝ էս օրենսդրական ակտը, որի պարագայում ես առաջարկել եմ, ենթադրենք, ես խախտել եմ՝ 5000 անգամ ավելի տուգանեն: Եթե դու խոսում ես, որ սխալ բան կա, ես սխալը լուծելու ճանապարհ եմ առաջարկում՝ 100 մլն, 200 մլն ամբողջապես բյուջե տանել այդ ամբողջ թռցրած գումարը, ասենք՝ գերշահույթ ստացածը: Հարց՝ ինչի՞ իրանք չեն անում, չեն անում՝ խոսում են»: Վարդան Այվազյանը չհամաձայնեց, որ իրենք են իշխանությունը, իրենք էլ պիտի անեն. «Այ մարդ, թող ընդդիմությունը օրենսդրական նախաձեռնություն անի: Կընդունվի, թե չի ընդունվի՝ դա ուրիշ բան: Արել են՝ չի՞ ընդունվել: Օրենսդրական նախաձեռնություն ես ոչ մեկից չեմ ստացել՝ ոչ «Ժառանգությունից»: Մենակ մի անգամ բերել են հակամենաշնորհային մի հատ հիմունքներ, որի մեջ մեխանիզմները չկան»: Մեզ մոտ այնքան լավ օրենքներ կան՝ չեն գործում, ո՞ւմ են պետք այդ օրենքները՝ հարցին պարոն Այվազյանը պատասխանեց. «Այ, էդ ինձնից չպետք է պահանջես, գործադիրից պահանջի, իմ գործն օրենսդրությունն է»: Երբ պարոն Այվազյանին հիշեցրինք, որ ինքը այդ թիմի անդամ է, նա ասաց. «Ես իմ թիմի ցավը տանեմ, դրա համար էլ պաշտպանում եմ, վա՞տ է, որ ես իմ թիմին պաշտպանում եմ: Ստիպված չեմ պաշտպանում, ինչի՞ եմ ստիպված պաշտպանում: Ես նմա՞ն եմ ստիպված պաշտպանողի: Միակ մարդը ես եմ, որ տեղը գալիս է՝ իրանց ուղիղ ճակատին ասում է, համենայնդեպս՝ իմ փայով ու իմ մասով ասում եմ: Ասում եմ, անում էլ եմ»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930