Լրահոս
Օրվա լրահոսը

Միջանկյալ ծրագիր

Հունիս 19,2012 12:56

Մի քանի օր առաջ Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, առանց կառավարության ծրագրի տեքստին ծանոթանալու, հայտարարեց, որ իր խմբակցությունը դեմ է քվեարկելու այդ փաստաթղթին: Դա, ինչ խոսք, անզգույշ արտահայտություն էր՝ ոչ թե այն պատճառով, որ ընդդիմությունը որեւէ հիմք ունի այդ ծրագրին կողմ քվեարկելու, այլ՝ որովհետեւ կառավարության համար պատրվակ ստեղծեց այդ քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ ծրագիրը չքննարկելու՝ ի տարբերություն խորհրդարանում ներկայացված մնացած ուժերի: Դա, անշուշտ, հենց պատրվակ էր, ոչ թե լուրջ պատճառ, որովհետեւ իր ուժերի վրա վստահ կառավարությունը, անշուշտ, կհրավիրեր ՀԱԿ-ին եւ կփորձեր համոզել, որ իր ծրագիրն այնքան հրաշալի է, որ միայն ազգի թշնամին կարող է դրան դեմ քվեարկել: Իրականում միակ մարդը Կոնգրեսում, ում հետ կառավարությունը չի ուզում տնտեսական խնդիրներ քննարկել, Հրանտ Բագրատյանն է, որովհետեւ ոչ կառավարությունում, ոչ էլ նրա մոտակայքում այդ մակարդակի մասնագետ չկա: Ի դեպ, այլ երկրների, այդ թվում՝ Վրաստանի եւ Ուկրաինայի իշխանություններն ավելի խոհեմ գտնվեցին՝ օգտագործելով այդ տնտեսագետի հնարավորությունները: Մեզանում մոտեցումը շատ ավելի գավառական է՝ դու մեր «ախպերությունից» չես, ուրեմն մենք քեզ հետ գործ չունենք:

Ինչ մնում է բուն ծրագրին, ապա այն իսկապես լավատեսություն չի ներշնչում: Նախաբանում, որը երեկ հնչեցրեց վարչապետը, նշված են, որքան հասկանում եմ, ծրագրի իրականացման քաղաքական պայմանները, որոնք ստեղծվել են այս պահին: Այդ թվարկման մեջ կան ճիշտ կետեր (օրինակ՝ 4 տարում հաջողվել է էապես մեղմել ներքին քաղաքական պառակտվածության եւ անհանդուրժողականության դրսեւորումները, Եվրամիության հետ սկսել խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները), բայց դրանք իրականացրել է ոչ թե կառավարությունը, այլ ՀՀ նախագահը, ինչպես նաեւ ԱԺ-ում ընդգրկված բոլոր 6 քաղաքական ուժերը: Տնտեսական խոստումները, ինձ թվում է, բավականին տխուր են՝ 5 տարում առնվազն կրկնապատկել նվազագույն աշխատավարձը, 8-10 տոկոսային կետով կրճատել աղքատությունը, ստեղծել 100 հազարից ավելի նոր աշխատատեղեր, ապահովել ծնելիության գումարային գործակցի աճը՝ մինչեւ 1,8 եւ այլն: Մասնագետներն, իհարկե, կասեն իրենց խոսքը, բայց ծրագրի նման դրույթները ինձ չեն ոգեւորում երեք պատճառներով. 1/ ինչո՞ւ ես պետք է հավատամ այս խոստումներին, եթե նախորդները չեն կատարվել, 2/ եթե նույնիսկ այս դրույթներն իրագործվեն, ապա, միեւնույն է, սոցիալ-տնտեսական վիճակը կտրուկ չի բարելավվի, 3/ մի քանի ամսից, նախագահական ընտրություններից հետո, անկախ նրանից, թե ով կընտրվի, մենք կունենանք նոր կառավարություն: Ուստի այս ծրագիրը կարելի է համարել միջանկյալ:

Եվ ընդհանրապես՝ 5 տարում նվազագույն աշխատավարձը 70 հազար դրամ դարձնելը ինձ հիշեցնում է հայտնի կատակերգության դրվագը՝ «չեմ կարող, գենացվալե, հինգ տարուց արի՝ կօգնեմ»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930