Հայաստանում ապրող շուրջ 3400 ասորիներ հունիսի 14-ին իրենց ամենասիրված Սուրբ Մարեզի տոնը սկսում են նշել վաղ առավոտից` ավանդական մարթուխան (անալի հալվա) պատրաստելով:
Ամենամեծ ասորական համայնքը, որը գտնվում է Վերին Դվինում, ողջ օրվա ընթացքում Սբ Մարեզի մատուռի մոտ հավաքվում է մոմավառության, այնուհետև յուրաքանչյուրը վերցնում է իր մարթուխանը և տոնը շարունակում տանը:
Մարթուխանը պատրաստում են ձվով, կաթով, ալյուրով ու յուղով, որը լցնում են մեծ կաթսայի մեջ և դնում թոնրի վրա: 2 ժամ թոնրի կրակին խառնելուց հետո այն պատրաստ է: Այնուհետև պատրաստի մարթուխանը լցնում են լավաշի մեջ ու փաթաթում:
«Սա ասորիների մատաղն է, որ միշտ պատրաստում ենք այս օրը: Գյուղացիներից ամեն մեկը մի բան է բերում, մեկը՝ ձու, մյուսը՝ կաթ, ու պատրաստելիս բոլորին բաժին ենք հանում: Ուտելիս պետք է անպայման նպատակ պահել: Իսկ հղի կանայք եփելու ժամանակ 7 անգամ պտտվում են կաթսայի շուրջը, և պատրաստի մարթուխանն առաջինն իրենք են փորձում: Ուտելուց հետո մարմնի որ մասին կպնեն, երեխայի վրա այդ մասում խալ կլինի»,- բացատրում է Նատալյա Բադալովան:
Թոնրատանը տարածված է մարթուխանի բույրը. կարելի է մի լավ նպատակ պահել ու ուտել մեկ մարթուխան:
Ըստ ասորական ավանդույթի՝ մարթուխանը միշտ պատրաստում են մեկի տանը, այնուհետև բաժանում ողջ համայնքին: Արդեն քանի տարի է` այն պատրաստում են Սբ Մարեզի մատուռի հետևում գտնվող ասորիների տանը, որտեղ ապրում է և Նատալյա Բադալովան, ով ազգությամբ ռուս է, բայց ամուսնացել է ասորիի հետ:
Նրա ամուսնու եղբայրը՝ Վովա Բադալովը, պատմում է, որ հին ասորիները 1820-ականներին, երբ Իրանի Ուրմիա քաղաքից գաղթել են Հայաստան, վերցրել են այնտեղի Սբ Մարեզ եկեղեցու հողը և այդ հողով էլ այստեղ կառուցել նրա մատուռը:
Մատուռի ներսում չորս կողմը սրբապատկերներ են ու խաչեր: Ասորիները մոտենում են մոմ գնելու, այնուհետև մտնում մատուռ` իրենց աղոթքն առ Աստված լուռ բարձրացնելու: Մատուռի բակում մոմավառության տեղն է, որտեղ իրար հետևից շարք կազմելով մարդիկ մոտենում են ու վառում:
«Ամբողջ աշխարհի ասորիներն այսօր նշում են Սբ Մարեզի տոնը, որը մեր ամենասիրած և ուրախ տոնն է: Նույնիսկ Արզնիում ու Դիմիտրովում բնակվող ասորիներն այսօր գալիս են Դվին` միասին տոնելու»,- ասում է Վովա Բադալովը և հավելում, որ Մարեզը եղել է սուրբ, ով բուժել է հիվանդներին:
Երեկոյան ժամը 5:30-ին մատուռի մոտ հավաքվում են ասորի երաժիշտները՝ իրենց ազգային երգ-երաժշտությամբ տոնը վերածելով իսկական խնջույքի: Երիտասարդները, ձեռք ձեռքի բռնած, երկար շարքով պտտվում են մատուռի առջևի բակում ու պարում ասորական ազգային պարեր:
Մեծահասակներն ուրախ նայում են երիտասարդներին, ծափ տալիս, ոգևորում նրանց: Բազմամարդ և աղմկոտ ասորական տոնախմբությունը շարունակվում է մինչև ուշ գիշեր:
Հայերի հետ ավանդույթներում մի շարք նմանություններ ունեցող ասորի ընտանիքները նշում են, որ իրենք դրական ու սովորական են վերաբերվում հայերի ու ասորիների միջև ամուսնություններին:
«Օրինակ՝ եզդիներն ու ասորիները երբեք չեն ամուսնանում իրար հետ, քանի որ եզդին միայն եզդիի հետ է ամուսնանում, բայց մենք հայերի հետ ամուսնանում ենք ու ավանդույթներով էլ շատ նման ենք իրար: Իմ եղբայրների կանայք բոլորն էլ հայ են»,- ասում է 61-ամյա Ռոմելլա Իոսիպովան և հավելում, որ ասորական հարսանիքն նշում են երեք օր՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի:
«Ուրբաթ տավարը մորթում են, հարսի բաժինը սինիների մեջ դրած երաժշտությամբ տանում են հարսի տուն: Հետո հարսին տանում են քավորի տուն, հետո էլ` փեսայի տուն: Ինձ էլ են այդպես ամուսնացրել»,- ժպտալով պատմում է 74-ամյա Լյուսյա Եդիգարովան, ով լիարժեք տիրապետում է իր մայրենի ասորերենին, բայց գրել չգիտի:
«Առաջ` սովետի ժամանակ, արգելված էր, դասագրքեր չկային, որ մեզ ասորերեն սովորեցնեին, ու ես գրել չսովորեցի, միայն խոսում եմ, իսկ հիմա լավ է, դասագրքեր կան»,- հավելում է Լյուսյա Եդիգարովան:
Նրա թոռնուհին` Լյուսյա Բադալովան, բոլոր ասորի դպրոցականների հետ սովորում է Դվինի Պուշկինի անվան ռուսական դպրոցում, որտեղ դասավանդում են նաև ասորերեն լեզու և գրականություն, պատմություն: Նա նշում է, որ դասագրքերը բերվում են Իրանից:
«Դպրոցում ակումբ կա, որտեղ մեզ սովորեցնում են նաև ասորական երգեր ու պարեր»,- ասում է 12-րդ դասարանի աշակերտուհի Լյուսյան:
Ասորիներն ասում են, որ փորձում են պահել իրենց ինքնությունը, սակայն միևնույն ժամանակ նշում են, որ լավ են զգում Հայաստանում:
34-ամյա ասորի Կարեն Գևորգիզովը, որի կինը հայ է, նշում է, որ Հայաստանում ասորիներին որպես ազգային փոքրամասնության լավ են վերաբերվում:
«Մենք ոչ մի խնդիր չունենք և ոչ մի տարբերություն էլ չենք դնում հայերի ու ասորիների միջև: Մարզերում ապրող ասորիները` թե´ տղամարդիկ և թե´ կանայք, հիմնականում զբաղվում են հողագործությամբ կամ անասնապահությամբ: Ես նաև երաժիշտ եմ ու հարսանիքների և ծնունդների ժամանակ նվագում-երգում եմ ասորական ու հայկական երգեր»,- ասում է Գևորգիզովը:
Ապրիլի 1-ին գարնան զարթոնքի հետ ասորիները նշում են իրենց Նոր տարին, սակայն բաց չեն թողնում նաև դեկտեմբերի 31-ը հայերի հետ նշելու ավանդույթը:
Իսկ հուլիսի 3-ին նշում են Մարթումայի տոնը Դվինի ասորական եկեղեցում:
«Մենք ամեն կիրակի մասնակցում ենք եկեղեցում պատարագին և հայերի նման քրիստոնյա ազգ ենք»,- ասում է 55-ամյա Սոնյա Մարագուլովան:
Լիլիթ Առաքելյան
Լուսանկարները՝ Փիրուզա Խալափյանի
Medialab.am