Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» միջադեպի հետևանքով տուժած ևս մեկ սպա է հոսպիտալ տեղափոխվել

Հունիս 19,2012 12:39

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած ևս մեկ անձի են տեղափոխել  ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալ: Հիշեցնենք, որ հունիսի 17-ին հոսպիտալ էին տեղափոխել բժիշկներ 34-ամյա Վահե Ավետյանին և 32-ամյա Արտակ Բայադյանին, սակայն տուժածները երեքն են եղել` նաև 33-ամյա ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել հունիսի 18-ին, ժամը 19:55-ին: Նա մեկ օր տանն է մնացել, բայց քանի որ Սողոմոնյանի վիճակը սկսել է բարդանալ, նրան նույնպես հիվանդանոց են բերել:

Այս մասին Epress.am-ի հետ թղթակցի հետ զրույցում ասել է ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի  բժիշկներից մեկը, ով կարդացել է, թե ինչ ախտորոշում է նշված գրանցամատյանում:

«Վերակենդանացման բաժանմունք է ընդունվել փակ գանգուղեղային տրավմայով, առկա են գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդ, քթի ոսկրերի կոտրվածք- տեղաշարժ, ձախ ակնակապիճի հեմատոմա (արյան կուտակում հյուսվածքներում -խմբ.)», – նշել է բժիշկն ու ավելացրել՝  «եթե այսքանը միամիտ ընկնելու արդյունք է, ապա գրեք», հավանաբար, նկատի ունենալով մամուլում տարածված այն մեկնաբանությունները, թե տուժածներն հրմշտոցի հետևանքով ընկել են և նման վնասվածքներ ստացել: Հիշեցնենք, որ նման կարծիք panorama.am կայքի հետ զրույցում երեկ հայտնել էր «Հարսնաքար» համալիրի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանը:

«Մի մարդու մոտ ընկնելուց կարո՞ղ է այսքանը լինել», – հարց է տվել բժիշկն ու շեշտել, որ Սողոմոնյանը նույն օրվա դեպքի հետևանքով է իրենց մոտ բերվել:

Նա նաև նշել է, որ ընդունման հայտարարության մեջ գրված է՝  ծեծի է ենթարկվել անծանոթ անձանց կողմից:

«Վահե Ավետյանի վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր, գիշերը նորից ենք վիրահատել՝ ոչ մի փոփոխություն», – փաստել է բժիշկը:

Epress.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշել է, որ իրենք գիտեն, թե ով է հարվածներ հասցրել, սակայն այդ անունը նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվելու: Գործը փոխանցվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայություն, որտեղ քննվելու է դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով:

Նշենք նաև, որ Ավետյանի ազգականը` Էդգար Նիկոյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմել է, որ ներկա է եղել երեկվա միջադեպին: Նրա փոխանցմամբ` իրենք «Հարսնաքար» ռեստորանային համալիրում խնջույքի են եղել, այնուհետև մատուցողի հետ ինչ-որ թեթև վեճ է եղել, որն արդեն ռեստորանի բակում վերաճել է ծեծկռտուքի: Նիկոյանը ասաց` բակում 10-15 հոգով են ծեծի ենթարկել Ավետյանին: Նա ենթադրել էր, որ դրանք ռեստորանի աշխատակիցներն են: Նիկոյանը ասել էր նաև` ծեծկռտուքի պատճառներն իրենց համար անհասկանալի են. իրենք ոչ մեկին չեն վիրավորել և այդպես էլ չեն հասկանում, թե ինչու այս ամենը տեղի ունեցավ:

Լուսանկարը` «Չենք լռելու» նախաձեռնության տեսանյութից սքրինշոթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930