Լրահոս
Օրվա լրահոսը

Անհասկանալի պաշտոնանկություն եւ տարօրինակ նշանակում. Մանուկ Վարդանյանի փոխարեն Գագիկ Բեգլարյան

Հունիս 19,2012 12:16

Հայաստանի կառավարության նոր կազմը, հակառակ զանազան «հավաստի աղբյուրների», հաստատվեց առանց մեծ փոփոխությունների, ինչը տրամաբանական էր: Բանն այն է, որ մի քանի ամիս հետո տեղի են ունենալու նախագահական ընտրությունները, որից հետո նոր ընտրված նախագահը պետք է նշանակի նոր վարչապետ եւ կառավարության կազմ: Այսինքն, անիմաստ էր 6-7 ամիսների համար մեծ փոփոխություններ կատարել կառավարության կազմում:

Նոր կառավարությունում կատարված մի քանի փոփոխություններն էլ հիմնականում պայմանավորված էին ԲՀԿ-ի կոալիցիայից դուրս գալով եւ հետեւաբար նրա ներկայացուցիչ նախարարների` կառավարության կազմից դուրս գալով: Նրանց փոխարինեցին ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի նախարարները եւ մեկ անկուսակցական: Սա եւս լիարժեքորեն տեղավորվում է առողջ տրամաբանության շրջանակներում: Սակայն երկրի նախագահի նշանակումներից մեկը առնվազն տարօրինակ տպավորություն է թողնում: Խոսքը տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնում Մանուկ Վարդանյանի փոխարեն Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նշանակման մասին է:

Նախ, ինքնին անհասկանալի էր Մանուկ Վարդանյանի պաշտոնանկությունը: Նա նախարար էր նշանակվել «Օրինաց երկրի» քվոտայով, որը շարունակում էր մնալ Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկերը: Երկրորդ, նրա` որպես նախարարի գործունեությունը, թեկուզ կարճատեւ` մոտ երկու տարվա, բավականին արդյունավետ էր: Անդրադառնանք կոնկրետ փաստերին: Ճանապարհաշինության ոլորտում, բացի նախորդ տարիների համեմատ ավելի շատ ճանապարհների կառուցումից` լինի միջպետական, հանրապետական, թե միջհամայնքային նշանակության, տարանջատում մտցվեց դրանք նախագծողի եւ փորձաքննություն իրականցնողի, նախագծողի եւ տեխնիկական վերհսկողություն իրականացնողի, տեխնիկական վերահսկողություն իրականացնողի եւ շինարարություն իրականացնողի միջեւ, երկարացվեց ճանապարհների կառուցմանը հաջորդող հետերաշխիքային սպասարկման ժամկետըՙ 1 տարվա փոխարեն դառնալով 2 տարի, ճանապարհների կառուցման ժամանակ խնայվեցին միջոցներ, որոնք ուղղվեցին այլ ճանապարհահատվածների կառուցմանը: Մինչ այդ ոչ մի նախարար չէր էլ մտածում միջոցներ խնայել կամ ճանապարհների հետերաշխիքային սպասարկման ժամկետ երկարացնել: Այնուհետեւ, Մանուկ Վարդանյանի պաշտոնավարման ժամանակ սկսվեց իրագործվել խոշոր` հյուսիս-հարավ մայրուղու նախագիծը երեք հատվածներում` Երեւան-Աշտարակ, Երեւան-Արարատ, Աշտարակ-Թալին, մշակվեց Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորումը, կառուցման նախագիծը եւ շուտով կսկսվի դրա շինարարությունը, պատրաստվեց «Հայավտոկայարան» ընկերության վարձակալության կամ կոնցեսիոն կառավարման հանձնելու փաթեթը, հայտարարվեցին մինչեւ 2015-ի հունվարի 1-ը թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման մրցույթները: Եվ ի վերջո, «Զվարթնոց» օդանավակայանի տրանսպորտային հանգույցի շինարարությունը կառուցելու պայմանագիրը ստորագրվեց, որը պետք է իրականացվի «Արմենիա միջազգային օդանավակայանների» եւ «Հարավկովկասյան երկաթուղու» ֆինասավորմամբ:

Հակառակ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանի հաջող գործունեությանը փաստող ապացույցների ինչպես այս ոլորտում, այնպես էլ նախկինում, երբ նա անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հիմնադիր ղեկավարն էր, նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանը իր նախկին` Երեւանի քաղաքապետի պաշտոնում աչքի չէր ընկել հաջող գործունեությամբ: Գուցե դա պայմանավորված էր նրանով, որ նա շատ կա՞րճ պաշտոնավարեց: Գուցե: Սակայն ինչո՞ւ կարճ պաշտոնավարեց: Ինչպես այն ժամանակ ասում էր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը Գագիկ Բեգլարյանի պահվածքի վերաբերյալ, իր համար անընդունելի է, երբ ինչ-որ մեկը փորձում է բռունցքներով հարցեր լուծել: Չասենք, որ ով չէր ալարում, այդ օրերին գովում էր նախագահի մոտեցումը եւ քննադատում Գագիկ Բեգլարյանին: Սակայն, ինչպես պարզվեց, վերջինիս պահվածքը որքան էլ անընդունելի էր այն ժամանակ, այժմ մղվել է հետին պլան: Արդյունքում, Գագիկ Բեգլարյանը, անհասկանալի տրամաբանությամբ նշանակվել է տրանսպորտի եւ կապի նախարարՙ առաջացնելով հասարակության տարակուսանքը եւ վնասելով նախ եւ առաջ նախագահի վարկանիշին:

«Ազգ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930