Կառավարությունը երեկ հրապարակել է 2012-2017թթ. ծրագիրը, որը միանգամայն համահունչ է իր նոր կազմին, այսինքն՝ զերծ լուրջ բովանդակային փոփոխություններից։ Այն ավելի շատ բարի մաղթանքների ժողովածու է հիշեցնում, քան գործադիր իշխանության կողմից մշակված լուրջ ծրագրային փաստաթուղթ: Ընդ որում, անգամ այդ բարի ցանկություններն էլ, ի համեմատ նախորդ ծրագրերի, շարադրված են նկատելիորեն ավելի զուսպ եւ զգուշավոր՝ հնարավորինս զերծ տնտեսական հստակ ցուցանիշների ամրագրումից։ Իսկ առկա գլխավոր ցուցանիշը առաջիկա 5 տարում աղքատությունը 8-10 տոկոսով կրճատելն է, որին կառավարությունը պետք է հասնի՝ «ապահովելով երկարաժամկետ կայուն տնտեսական աճի հիմքեր եւ համաշխարհային տնտեսական աճից ավելի բարձր՝ 5-7 տոկոս իրական աճ»։ Որպես այդ գերնպատակին հասնելու քայլեր՝ կառավարությունը նշում է «տնտեսական աճի բաղադրիչների որակական փոխակերպման եւ արդյունավետ կառուցվածքային տեղաշարժերի կառավարելի համակարգի ձեւավորումը», «ձեռք բերված մակրոտնտեսական կայունության պահպանումը», «պետություն-մասնավոր հատվածի համագործակցության սկզբունքի ներքո ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմամբ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացմանը նպաստելը»: Ասել է թե՝ ոչ մի նոր բան։ Ընդհանրապես կառավարության այս ծրագրում առկա են բազմաթիվ դրույթներ, որոնք ընթերցելիս «դեժավյուներ» են առաջանում: Այսպես, որպես թիվ մեկ գերակայությանը՝ տնտեսության մրցունակության բարձրացմանը հասնելու քայլերից մեկը, նշվում է տարածքների համաչափ զարգացումը։ Այն, ինչը գերակայություն էր դեռեւս 2008-ից՝ սկսած Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրից։ Ինչպես հիշում ենք, այս նպատակով Տիգրան Սարգսյանը ձեռնամուխ եղավ Գյումրին նավահանգստային տեխնոպարկ, իսկ Դիլիջանը՝ բանկային կենտրոն դարձնելուն։ Թե որքանով իրագործվեց Տ. Սարգսյանի այս «տեսլականը», հայտնի է բոլորիս։
Այնուամենայնիվ, ծրագրում կան նաեւ մի քանի լուսավոր կետեր, մասնավորապես առաջիկա 5 տարիների ընթացքում աշխատավարձի առնվազն կրկնակի ավելացում, ծնելիության խթանման նպատակով յուրաքանչյուր 3-րդ եւ 4-րդ երեխայի համար 1 միլիոն դրամի, իսկ 5-րդից հետո 1,5 միլիոն դրամի հատկացում, յուրաքանչյուր առաջին դասարանցուն անվճար համակարգչի տրամադրում, ՀՀ բոլոր քաղաքացիների համար սրտի անհետաձգելի վիրահատության երաշխավորում։ Սակայն ինչպես այս, այնպես էլ ծրագրի մնացած դրույթները կառավարությունը պատրաստակամ է իրականացնել, եթե չլինեն «արտաքին ռիսկեր», որոնց ծրագրում հատկացված է մի ամբողջ գլուխ։ Այնպես որ, առնվազն մի հարցում կառավարությունը ցուցաբերել է նոր մոտեցում. եթե նախկինում ասվում էր՝ «ճգնաժամ չկա, չասենք՝ որ չլինի», ապա հիմա գործում է հակառակ սկզբունքը:
Իսկ ընդհանրապես, այս ծրագրի թերեւս միակ փոփոխությունն այն է, որ Տիգրան Սարգսյանը վերջապես գտել է «դիվերսիֆիկացված» բառի հայերեն տարբերակը՝ տարազանված: Մնում է՝ այն ըստ էության կիրառի:
«Ժողովուրդ»