«Մալականի սադ» կոչվող այգում 2011թ նոյեմբերի վերջին տեղի ունեցած աղջիկների դաժան ծեծկռտուքի տեսանյութի վերաբերյալ Արաբկիրի հետաքննչական բաժնում նախապատրաստված նյութերով մերժվել է քրգործի հարուցումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ` քրգործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության 35-րդ հոդվածին համապատասխան` բողոքի բացակայության պայմաններում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ համացանացում հայտնվել էր մի քանի տեսանյութ, որտեղ աղջիկները դաժան ծեծի են ենթարկում միմյանց, ինչը ուղեկցվում էր սեռական բնույթի հայհոյանքներով: Երկրորդ տեսանյութը նկարահանված է Արաբկիր համայնքում: Փափազյան փողոցի վերջնամասում գտնվող «Արաբկիր» զբոսայգում, որը հայտնի է «Մալականի սադ» անունով:
Դեպքը տեղի է ունեցել 2011 թվականի նոյեմբերի վերջին: Տեսանյութի հերոսուհիներից մեկի անունը Ֆլորա է, նա 18 տարեկան է: Հակառակորդը` 16-ամյա Անժելիկան է, ով սովորում է Երեւանի քոլեջներից մեկում: Նախնական տեղեկություններով, աղջիկների «դուելը» մեկնարկել է այն բանից հետո, երբ նրանցից մեկը մյուսին անվանել է ստախոս: Ոստիկանության Արաբկիրի բաժնում կատարվածի փաստով հետաքննություն էր սկսվել: