Աշխարհի բոլոր երկրներում էլ կռիվ, ծեծ-ջարդ, սպանություններ են լինում։ Բայց մեզանում, չգիտես ինչու, դրանք անհեթեթության աստիճանի չնչին պատճառներից են ծագում եւ այնպիսի հաճախականությամբ, որ մտածում ես՝ օդում արյան ծարավ կա։ Ես փորձում եմ հասկանալ «Հարսնաքարի» միջադեպի էությունը եւ այդ միջադեպում ներգրավված անձանց մոտիվացիան։ Ահա տեսնում եմ, որ մի քանի տաքարյուն հայ տղաներ մի անիմաստ պատրվակից բորբոքվել են ու աքլորացած հարձակվել միմյանց վրա։ Պարզ է, որ նրանցից ոչ մեկը չի ուզում զիջել, եւ երեւի երկու կողմն էլ հիվանդագին ինքնասիրություն ունեն։ Նույնիսկ բնական եմ համարում, որ մի քանի ապտակ ու հայհոյանք են փոխանակել։ Հետո՞։ Շարունակությունը՞։ Չկա՞ այն սահմանը, որից այն կողմ մարդու կյանքն է։ Չկա՞ այն զսպանակը, որ ստիպելու է երկուստեք կանգ առնել ու բանը չհասցնել արյան, մարմնական վնասվածքների, ի վերջո՝ մահվան։ Բայց չէ՞ որ հասուն մարդիկ են կոնֆլիկտի կողմերը եւ գիտեն, համենայնդեպս կարող են պատկերացնել, որ մարդու կյանքն այնքան փխրուն է, որ մի անզգույշ քայլ, եւ այն կարող է վտանգվել։ Խելքի պակասի՞ց է, զսպանակների բացակայությունի՞ց, կյանքն ու մարդուն չգնահատելու հանգամանքի՞ց, թե՞ պարզապես այնքան լկտի են ու . հաբռգած, որ մտածում են՝ մի կյանք այս կողմ, մի կյանք այն կողմ, ոչինչ չի փոխվի, իսկ իրենք անպատիժ կմնան։ Իսկ գուցե իրենց «պապայի» գոյությո՞ւնն է այդքան լկտիություն ներշնչել, որ ինչ էլ անեն, նա անտեր չի թողնի, ջրից չոր դուրս կբերի։ Իսկ գուցե անցյալում էլի՞ են եղել նման դեպքեր, ու ամեն ինչ «սահո՞ւն» է անցել։ Գուցե աչքների առաջ «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած սպանությո՞ւնն է, երբ մարդանման մի գազան՝ «Կուկու» անունով, մարդու մահվան պատճառ դարձավ ու այդպես էլ չպատժվեց:
«Հրապարակ»