Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի առաջնորդները ափսոսում են, որ Սարգսյանն ու Ալիեւը վճռական քայլեր չեն ձեռնարկել

Հունիս 19,2012 10:34

Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները

Մեդիամաքս: Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները Մեծ քսանյակի Լոս-Կաբոսում կայացած գագաթաժողովի շրջանակներում ընդունել են համատեղ հայտարարություն ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ:

«Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներս, հավատարիմ ու միասնական ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում: Հակամարտության կողմերը չպետք է այլեւս հետաձգեն կարեւոր որոշումների ընդունումը, որոնք անհրաժեշտ են  երկարատեւ եւ խաղաղ կարգավորման հասնելու համար: Մենք ափսոսում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չեն ձեռնարկել վճռական քայլեր, որոնց  մեր երկրները կոչ են արել նրանց Դովիլում 2011թ. մայիսի 26-ին արված համատեղ հայտարարություն մեջ: Այնուամենայնիվ, արդեն իսկ արձանագրված առաջընթացը պետք է ազդակ հաղորդի շրջանակային համաձայնագրի շուրջ աշխատանքի ավարտին, որը կբերի համապարփակ խաղաղության ապահովման:

Մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կատարել ստանձնած պարտավորությունը, այն է՝ արագացնել ԼՂ հիմնախնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, որոնց մասին խոսվում է 2012թ. հունվարի 23-ին Սոչիում արված իրենց հայատարարության մեջ:

Հաստատելու համար նրանց քաղաքական կամքը՝ կողմերին խորհուրդ է տրվում բանակցություններում ձեռնպահ մնալ ծայրահեղական դիրքորոշումներից, հավատարիմ մնալ հրադադարի մասին 1994 թ-ին կնքված համաձայնագրին եւ խուսափել լարվածությունը մեծացնող թշնամական հռետորաբանությունից:

Մենք կոչ ենք անում առաջնորդներին ղեկավարվել Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներով, մասնավորապես, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի հավասարության ու ինքնորոշման իրավունքի սկզբունքներով, եւ 2009թ. Ակվիլայում եւ 2010թ. Մուսկոկայում մեր երկրների կողմից արված հայատարարությունում առկա կարգավորման տարրերով:

 Ռազմական ուժի կիրառումը չի բերի խնդրի կարգավորման, այլ միայն տեւական կդարձնի տառապանքը եւ աղետները, որոնց արդեն երկար ժամանակ ենթարկվել են տարածաշրջանի ժողովուրդները: Միայն բանակցությունների ճանապարհով խաղաղ կարգավորումը թույլ կտա գտնել ելքը ստեղծված իրավիճակից եւ ապահովել անվտանգ ապագա եւ տարածաշրջանի բարգավաճում:

Մեր երկրները կշարունակեն սերտ աշխատանքը կողմերի հետ: Մենք կոչ ենք անում նրանց ամբողջությամբ օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը: Սակայն, վերջին հաշվով, խաղաղության ճակատագիրը կախված է լինելու կողմերի փոխըմբռնման, այլ ոչ թե միակողմանի առավելություններ շահելու հաշվին համաձայնության հասնելու պատրաստակամությունից,  եւ այն բարօրության ընդհանուր գիտակցումից, որը խաղաղություն կբերի իրենց ժողովուրդներին ու գալիք սերունդներին»,- ասվում է հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930