Օլիգարխ պատգամավորի մսաղաց-թիկնապահները կարողանում են մարդու ծեծել, մահվան դուռը հասցնել այն պատճառով, որ պաշտոնյային անհարիր վարքագիծ դրսևորած ու այդ հիմնավորմամբ պաշտոնանկ արված քաղաքապետը դառնում է նախարար:
Որ երեխա ծեծած ու մարզն իր դուքանը դարձրած մարզպետը ոչ միայն շարունակում է պաշտոնավարել, այլև նման պատգամավորի հետ միասին հայտնվում է իշխող կուսկացության համամասնական ցուցակում: Որ պետական ծառայողը իր աշխատասենյակում մարդ է ծեծում, ու փոխանակ նրան աշխատանքից ազատեն, պաշտոնանկ են անում նախագահականի հովանավորությունը վայելող այդ չինովնիկին պատժելու համարձակություն չունեցած վերադաս նախարարին:
Օլիգարխ պատգամավորը և նրա մսաղաց-տղերքը չեն պատժվելու: Բոլորը դա հրաշալի գիտեն: Որովհետև ժամանակին չեն պատժվել բոլոր նման հանցագործություններ կատարած հաստավիզները: Որովհետև այս մարդիկ ստեղծված չեն պատիժ կրելու համար: Ինչպես բոլոր նախորդ նման դեպքերում, գտնելու են մեկ հոգու, ով մեղքը բոլորի փոխարեն վերցնելու է իր վրա, մասամբ պատասխան է տալու իրական հանցագործների փոխարեն` «արքայական» ազատազրկում անցկացնելու երաշխիք ստանալու դիմաց: Բոլորը գոհ ու երջանիկ ցրվելու են տներով` բացառությամբ կյանքի հետ կռիվ տվող սպայի, նրա մահիճի կողքին չորացած հարազատների, բացառությամբ սովորական այն մարդկանց, ովքեր այս երկրի լավ տղերքի ու չպատժվելու երաշխիք ունեցող արտոնյալների համար ընդամենը մատաղացու են… լավագույն դեպքում:
«Երկիր»